
Ժիրայր Սիմոնի Սեֆիլյան - ծնվել է 1967թ. հուլիսի 10-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 1985-ին ավարտել է Բեյրութի Գևորգ Խաթալպաշյանի անվան Ազգային ուսումնարանը: 1980-ականներին ակտիվորեն մասնակցել է Լիբանանյան քաղաքացիական պատերազմում Հայկական թաղամասերի պաշտպանության կազմակերպմանը: Եղել է Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ: 1990 թվականից Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, որպես ռազմական հրահանգիչ մասնակցել հայկական ջոկատների կազմավորմանը։ 1991-ից որպես մարտական հրամանատար մասնակցել է Արցախի պաշտպանությանը: 1992 թ.ից գլխավորել է «Շուշի» առանձնակի գումարտակը, որը հանդես էր գալիս ռազմաճակատի ամենաթեժ կետերում: Կարևոր դերակատարում է ունեցել Շուշիի, ինչպես նաև Արցախի մի շարք շրջանների ազատագրման գործում։ Ռազմական գործողությունների ավարտից հետո ծառայել է որպես 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի փոխհրամանատար, ապա 6-րդ պաշտպանական գումարտակի հրամանատար: Մասնակցել է Արցախի Պաշտպանության Բանակի կազմավորմանը, պարգևատրվել «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանով և այլ մեդալներով։ Արցախի Պաշտպանության Բանակի փոխգնդապետ է։ 1999թ.-ից՝ ունենալով լուրջ գաղափարական տարաձայնություններ, դադարեցնրել է իր անդամությունը Դաշնակցությանը: 2001-ից գլխավորում է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնությունը՝, հանդես գալիս այդ պատմական շրջանների բնակեցման օգտին։ 2006-ի մայիսից նախագահում է «Արաքս-Կուր» հիմնադրամի զարգացման հոգաբարձուների խորհուրդը: Նույն թվականին նախաձեռնում է «Հայ կամավորների միություն» շարժումը, որի առաջին հանդիպումը տեղի է ունենում դեկտեմբերի 4-ին: 2006 թ. դեկտեմբերի 10-ին մարտընկեր Վարդան Մալխասյանի հետ ձերբակալվում է` մեղադրվելով բռնի իշխանափոխության կոչ անելու մեջ, բանտարկվում է: Մի շարք հայ մտավորականներ (ակադ. Ռաֆայել Ղազարյան, Մետաքսե, ևն) և կազմակերպություններ պահանջում են Սեֆիլյանի և նրա մարտընկերների ազատ արձակումը: «Նա իմ ճանաչած կենդանի սրբապատկերներից է, ինչպես Բեկորը, Մոնթեն, Սամվել Բաբայանը», - այսպես է բնութագրում Ժիրայրին Ցվետանա Պասկալևան: 2008թ. մայիսին ազատվելով բանտից` հիմնադրում է «Միացում» ազգային նախաձեռնությունը: Այժմ «Սարդարապատ» շարժման առաջնորդներից է: Ամուսնացած է Նանոր Սեֆիլյանի հետ, ունի երկու որդի` Պետո և Վահագն:
Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության համար բազմաթիվ բողոքի ակցիաներ են կազմակերպվել, որոնցից հատկապես աչքի է ընկնում 2011-ի ամռանը Հայազն Միության կողմից կազմակերպված ստորագրահավաքը, որը ևս մնաց անպատասխան:
Մենք`սփյուռքի մի խումբ հայեր, հերթական անգամ, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում այն անօրինականությունների դեմ, որ տեղի են ունենում Հայրենիքում` Հայաստանի Հանրապետությունում: Ամեն օր սփյուռքահայությանը հայրենիքից հայրենադարձության կոչեր են հղվում՝ Հայրենիքում ապրելու, արարելու, Հայաստանը հզորացնելու նպատակով: Իսկ ի՞նչ է անում իշխող վերնախավը իր իսկ ընդունած այդ որոշումները կյանքի կոչելու ուղղությամբ: Կարծում ենք շոշափելի ոչինչ: Այլ շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանի հայաթափման քաղաքականությունը:
Ամեն ինչ սկիզբ ու վերջ է ունենում.
Այս պահին և ընդհանրապես, Հայաստանին ձեռնտու չէ հայաթափման ենթարկվելը: Ուրեմն դա թույլ մի տվեք: Կոչ ենք անում վերջ դնել այն անօրինություններին, որոնք սկիզբ են առել դեռ երրորդ հանրապետության առաջին օրերից:
Մեծարգո պարոն նախագահ. մենք պահանջում ենք բավարարել Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի դիմումը, որն է` ստանալ ՀՀ քաղաքացիություն: Մի Հայի, որ վաստակել է նման պատիվ, մի հայի, որ, ծնված ու մեծացած լինելով Հայրենիքի սահմաններից դուրս, օրահասական պահին եղել է նրա անվեհեր մարտիկներից մեկը, պաշտպանել Մայր Հայրենիքը, մի հայի, որը Հայրենիքը պաշտպանելուց հետո չի լքել այն, այլ ապրում և հայ զավակներ է դաստիարակում հայեցի, մի հայի, որ, լինելով Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, այդուհանդերձ, մինչ օրս դրական պատասխան չի ստանում ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում:
Ի՞նչ պատճառաբանություն կարող է արդարացնել Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը պետական այրերի կողմից:
Մենք` սփյուռքում ապրող հայերս, Ձեզ դիմելով՝ ակնկալում ենք ստանալ պատասխան.
Եթե մեր կողմից վերը բերված փաստերը անհերքելի են, ապա բավարարել այդ արժանի ու մեծատառ ՀԱ3Ի դիմումը: Ժ. Սեֆիլյանը իր գործունեությամբ վաստակել ու արժանացել է ՀՀ քաղաքացի լինելու բարձր կոչմանը: Այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիություն կարելի է համարվում շնորհել, ասենք, օրինակ, ինչ-որ մի այլազգի մարզիկի, որը, չապրելով հանդերձ ՀՀ-ում, պարզապես, միջազգային մարզական մրցույթներում, ելույթ է ունենում ՀՀ դրոշի ներքո:
Հայցում ենք ստանալ Ձեր մոտալուտ եւ կոնկրետ պատասխանը նախ որպես ՀՀ նախագահից եւ, երկրորդը՝ որպես Արցախյան պատերազմի մարտիկից՝ անշուշտ Դուք Սեֆիլյանին գիտեք որպես հայրենանվեր մարտիկի՝ Ձեր զինընկերոջ, իսկ եթե վերը բերված փաստերն ուռճացված են, մեզ տեղյակ պահեք դրանք հերքող փաստերին, չնայած, կարծում ենք, տվյալ դիմումին դրական լուծում տալու համար բավական է միայն այն փաստը, որ, երբ տեղաբնիկները, կրակի մեջ թողնելով հայրենիքը, սեփական մորթը շալակած լքել են այն, Սեֆիլյանը գտել է, որ եկել է իր հայրենադարձության ճիշտ ժամանակը, ամեն ոք չէ, որ անում է նման հերոսական քայլ:
Հայցում ենք Ձեր ողջամիտ պատասխանին: