Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում կան օլիգարխներ: Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում նրանք ազդեցություն ունեն, նաև քաղաքական որոշումների կայացման վրա: Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, դրանից խուսափելն անհնար է: Բայց ինչպես բոլոր մնացած (քաղաքակիրթ երկրներում), այնպես էլ Հայաստանում օլիգարխները չպետք է լինեն քրեածին, քրեակիր ու քրեական (կամ հայկական տարբերակով՝ գողական): Եթե այդպես է, նրանք չպետք է զբաղվեն վարչարարությամբ ու հրապարակային քաղաքականությամբ: Ճիշտ այնպես, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում: Ու ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, եթե նրանք ուղղակի կապ ունեն հանցագործությունների հետ, ապա պետք է պետական ապարատի ու գործող օրենքների ճնշման տակ պատժվեն, թողնեն իրենց պաշտոնը: Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում օլիգարխները լինելու են: Ուղղակի անցել է կիսագրագետ, հանցագործ, քրեական օլիգարխիայի դարաշրջանը: Սովորաբար բոլոր քաղաքակիրթ երկրներում նրանք լինում են գրագետ, շատ խելացի ու այնքան խելացի, որ ոչ ոք չի նկատում, որ նրանք օլիգարխ են, ու նրանք դառնում են ուղղակի խոշոր բիզնեսմեններ, մագնատներ, ովքեր հարցազրույցներ են տալիս իրենց succes-story-ների մասին, ոչ թե եզություններ են անում, մարդ են ծեծում ու ահաբեկում, հետո էլ բարձրաձայն հայտարարում այդ մասին ու մի հատ էլ ավելացնում, որ «հա, բա լավ ենք անում, ինչ ուզում՝ անում ենք»: Ոչ քաղաքացիներին է պետք երազախաբ անել, որ օլիգարխները միայն Հայաստանում են ու միայն բռնապետական համակարգերում, ոչ էլ պետք է աչքերը փակել նրա վրա, որ մեր օլիգարխների մեծ մասը քրեաօլիգարխներ են ու առաջին միլիոնից հետո էլ չեն դադարել ուղեղները չաշխատեցնել ու միայն մուսկուլներն են աշխատեցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել