
Երբ մի փոքր ավելի երիտասարդ էի ու ապրում էի Սովետական միությունում, կարծում էի, որ Լենինը տրանսցենդենտ Չարն է կամ դրա մարմնացումը: Նույն շարքում՝ «Սպարտակ միության» անդամները, Հիտլերը, Մաո Ցզե Դունը, Պոլ Պոտը և այլք...
Հետո, երբ ապրում էի Հայաստանում, մի որոշ ժամանակ նույն կերպ էի մտածում: Արդեն մեկ տասնամյակից ավել է, երբ մի փոքր սակավ երիտասարդ եմ, քան առաջ էր, փորձս այլ բան է հուշում. Լենինը և այդ շարքից մյուսներն ընդամենը փոքրիկ, սնափառ մարդուկներ էին, որ «ԻԴԵԱՆԵՐ» ունեին, ու հանուն դրանց իրացման պատրաստ էին կործանել շուրջն ամեն ինչ, տասնյակ միլիոններով մարդ սպանել... Չէ, այս ձևակերպումը՝ «...պատրաստ էին կործանել...», - այնքան էլ հաջող չէ: Նրանց համար կարևոր էլ չէր «շուրջը եղած աշխարհը...» ու տասնյակ միլիոն մարդկանց կյանքը... այդ մասին չէին էլ մտածում...
Ու հանգամանքներն էին պարզապես այնպես դասավորվում, որ հենց Լենինը, Մաո Ցզե Դունը կամ մեզ հայտնի մեկ այլն էր դառնում ոչնչացման այդ ընթացքի առաջնորդ՝ շրջապատված իրենց նման փոքրիկ, սնափառ մարդկանցով...
Ինչու՞ եմ սա հիշել: Ինտերնետի ու ցանցերի հասանելիության հիմքով (Հայաստանում... աշխարհի մնացած մասը հիմա՝ այս համատեքստում, հետաքրքիր չէ ինձ) բոլորը հանկարծ դարձան ինֆորմացիա ստեղծող ու տարածող, ու առաջին բանը, որ պարզվեց՝ ԻԴԵԱՆԵՐ ունեցող փոքրիկ, սնափառ մարդուկների թիվը շատ մեծ է, շատ... ու նրանք էլ չեն մտածում ոչ մի այլ բանի մասին, ինչ սեփական ԻԴԵԱՆԵՐՆ իրացված տեսնելն է: Ու յուրաքանչյուր հարմար պահի այս՝ փոքրիկ, սնափառ մարդուկների նոր զանգվածներ են հրապարակ գալիս:
ՄԻ ԽՈՍՔՈՎ՝ կարդացեք Ֆ. Դոստոևսկի, «Դևերը»... Այնտեղ ամեն ինչ կա ԻԴԵԱՆԵՐ ունեցող փոքրիկ, սնափառ մարդուկների մասին ու, ի դեպ, ավազակների մասին էլ ամեն ինչ կա: