Մինչարդյունաբերական հասարակության ժամանակահատվածում ծանր հանցագործությունները սովորաբար պատժվում էին մահապատժով, իսկ մանր-մունր հանցանքները ձեռքի կամ այլ օրգանի հեռացմամբ: Ու այդ ամենը կատարվում էր հրապարակային թափանցիկ ու բոլորին տեսանելի ձևով: Խորհուրդն ու նպատակն այն էր, որ դա դաս լինի մյուսների համար, որպեսզի չանեն այն հանցանքը, ինչի համար կրում է պատիժն այդ հանցագործը: Սակայն երբ հրապարակային կերպով կտրում են գողություն կատարած անձի ձեռքերը, նույն հրապարակում մարդկանց բազմության մեջ տեղի է ունենում գրպանահատություն: 
Բոլորիս հայտնի Գորիսի դեպքերին հաջորդող քննարկումների ու տարատեսակ մեկնաբանությունների մեջ հաճախ ենք հանդիպում մարզպետի պաշտոնանկության մասին տեսակետներ, սակայն ես կարծում եմ, որ պաշտոնանկությունը կամ ձևական իրավական ոլորտում հարցի լուծման իմիտացիաները չեն լուծում հասարակության մեջ տեղավորված այդ ախտը: Եթե պաշտոնյա չի, ապա չի՞ կարող հանցագործ լինել, իհարկե կարող է, եթե քաղաքապետ չի, ապա չի՞ կարող հանցանք չլինել իր անձի հետ կապված, իհարկե կարող է… Պաշտոնանկությունը այն մինիմումն է, որ պետք է տեղի ունենա: Պաշտոնանկությունը այս պարագայում նման է այն «ձեռքը կտրելու» ռիտուալին, որի մասին խոսեցինք վերևում: Սակայն բոլորս էլ գիտենք, որ պաշտոնանկությամբ ու ձեռք կտրելով հարցը չի լուծվում, ավելին, հարցը չի լուծվում, երբ այդպիսիններին տանում ու պահում են ՔԿՀ-ներում: Միակ լուծումը մարդկանց գիտակցության վրա աշխատելն է, մտածելակերպի փոփոխությունը, որի համար պետք է պատասխանատվություն ստանձնեն հասարակության բոլոր կառույցները՝ այդ թվում յուրաքանչյուր անհատ: Հակառակ պարագայում, այսօր մարզպետ է կամ քաղաքապետ, վաղը, մյուս օրը կարող է այն լինել այլ պաշտոնյա: 
Անհրաժեշտ է բարձրացնել հասարակության բոլոր անդամների գիտակցական մակարդակը, մտածելակերպն ուղղել հանունի գաղափարի, այլ ոչ ընդդեմի, որպեսզի հայհոյանքին չհետևի կրակոցը կամ դանակի հարվածը: Պետք է սովորեցնել, որ հայհոյանք չլինի, այլ ոչ թե այն, թե հայհոյանքին կրակոցով չեն պատասխանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել