
Այն, որ մեր ազգի շնորհալի լինելը գովաբանվում էր դեռ մ.թ.ա. գրեթե բոլոր այն ժամանակվա պետությունների պատմական խրոնիկաներում, դա անժխտելի է: Մեր շնորհալիությունը երևում էր ամենուր`գրականության, գիտության, ռազմական, դիվանագիտական հարթության մեջ: Միանգամից ասեմ, որ այն թեման, որը հիմա կփորձեմ Ձեզ ներկայացնել, գովաբանություն իր մեջ չի կարող պարունակել, քանզի խոսքը գնում է հանցագործության մասին, և հանցագործությունը, ում կողմից էլ որ դա կատարված լինի, միշտ էլ դատապարտելի արարք է: Սակայն կան հանցագործություններ, որոնք իրենց աննախադեպությամբ ուղղակի ապշեցնում են, նրանք զարմացնում են իրենց ոչ նման լինելով, և երբ այդ հանցագործության հեղինակը ազգությամբ հայ է, դա մտորելու տեղիք է տալիս:
Հիշեցնեմ` Մոսկվայում ձերբակալվել է Փերուզ Շահինյանը, ով կասկածվում է Ռուսաստանի գործադիր իշխանության բարձրագույն մարմիններում պաշտոններ «վաճառելու» մեջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնը, Փերուզ Շահինյանին ձերբակալել են խարդախության համար` կապված ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնների վաճառքի հետ: Պարզվել է, որ նա «գործել է նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների վստահված անձի անվան տակ եւ հայտարարել` իբր լայն կապեր ունի»: Մասնավորապես, Շահինյանն առաջարկել է մի գործարարի 3 մլն դոլարով գնել աշխատակազմի վարչություններից մեկի ղեկավարի պաշտոնը: Օպերատիվ փորձի ժամանակ ոստիկանները արձանագրել են հյուրանոցներից մեկում 1,5 մլն ռուբլի ստանալու փաստը: Շահինյանին ձերբակալել են, նրա դեմ քրգործ է հարուցվել:
Կարդում եմ, և առաջինը ինչ հարց առաջանում է, դա այն է, թե ինչո՞ւ մեզ մոտ` Հայաստանում, այնքան վատ պետք է լինի, որ մարդիկ, հայտնվելով երկրից դուրս, գնում են ամեն քայլի, որպեսզի գոյատևեն: Իհարկե ինձ այստեղ առարկողներ կլինեն, թե ինչ կապ ունի որտեղ, հանցագործը ամենուր հանցագործ է, բայց այնուամենայնիվ դա այդպես չէ: Ոչ մեկս երաշխավորված չէ էքստրեմալ պայմաններում հանցագործություն չկատարելուց, իսկ երկրից դուրս գտնվելն արդեն էքստրիմ է:
Հ.Գ. Այնուամենայնիվ, զարմանում եմ ու զարմանում՝ լինելով այսպիսի շնորհալի ազգ բոլոր պարագաներում՝ ինչո՞ւ ենք մենք այսպիսի կարգավիճակում գտնվում:
replik.am