Հայաստանի ներկայիս քաղաքական, տնտեսական, հոգեւոր, մշակութային համակարգի հիմքը դրվել է 1994 թվականի մայիսից՝ զինադադարից հետո: Պատերազմի տրամաբանությունը ներթափանցել է քաղաքացիական կյանք, որտեղ աստիճանաբար իշխանությունը կենտրոնացավ Վազգեն Սարգսյանի ձեռքում: Վերջինս մի կողմից, անշուշտ, մեր հաղթանակների եւ հայոց բանակի գլխավոր կերտողներից մեկն է, մյուս կողմից՝ այսօրվա արատավոր համակարգի «համահիմնադիրը»: Պաշտոնյաների, իշխանավորների, օլիգարխների, «ախրաննիկների» անպատժելիությունը, ծայրահեղ լկտիությունն ու ցինիզը, ծեծով, կրակոցներով հարց լուծելը, խմբապետերի եւ մաուզերիստների խրախճանքը, ընտրական համակարգի չնչացումը («նա ո՞վ դառավ, որ գա իմ փոխարեն իշխի»)՝ այդ ամենի արմատները պետք է փնտրել 90-ականների կեսերին ստեղծված պետական եւ հասարակական մեխանիզմներում: Ենթադրում եմ, որ ինքը՝ Վազգեն Սարգսյանը 1999 թվականին հասկանում էր, թե ուր է գնում երկիրը՝ նաեւ իր «դրվածքի» պատճաով, բայց փոխել «դրվածքը» նա չհասցրեց: Կկարողանա՞ր, թե՞ ոչ՝ դժվար է ասել:

Նման մոտեցումը պայմանականորեն կարելի է անվանել «պատերազմի տրամաբանություն»: Այն արտահայտվում է բոլոր ոլորտներում՝ սկսած ղեկավարման ոճից՝ «կանչեմ իմ մոտ ստորադասին, մի երկու հատ քֆուր կտամ, մի երկու հատ սիլլեմ՝ թող գործ անի» («ուժեղ ղեկավար»): Իրավագտակցության մեջ. «բա ես էս երկրի հմար արյուն եմ թափել, ինչու պիտի մնացածի նման լույսի փող մուծեմ»: Տնտեսության մեջ. «Էս մայլեն իմն է, եթե ուզում ես գործ դնես, պիտի ինձնից հարցնես»: Ընտրությունների ժամանակ. «սրանք իշխանությո՞ւն են ուզում, հեսա տղերքին կասեմ՝ պորտները տեղը կդնեն»: Հանրահավաքների դեպքում. «Էս հիվանդները ի՞նչ են ուզում, երշիկային կարոտախտո՞վ են տառապում՝ տանկերով անցնենք վրեքներով, էդ վախտ կինանան»: (Հարց է աաջանում՝ ինչո՞ւ մարդիկ պիտի երշիկ չուզենան, եթե դուք ամեն օր «համեստ ճաշեր» եք ուտում՝ «համեստ օղիով» համեմված):

Հիմա հասկացա՞ք, թե ինչու Սյունիքի բազմամյա մարզպետը չորս դասարանի անավարտ կրթություն ունի՝ չնայած պատմական գիտությունների թեկնածու է (փողին մուննաթ), պա՞րզ է, որ ինչ էլ նա անի, միեւնույն է՝ չի պատժվի: Հասկանալի՞ է, ինչու այդ մակարդակի «գործիչների» շուրջ պարբերաբար արյունալի ռազբորկաներ տեղի ունենում: Բայց ես դարձյալ չէի ուզենա խնդիրը պարզեցնել: 20 տարի է, որ Հայաստանում իշխանություն ունեն պատերազմի հետ այսպես թե այնպես կապ ունեցող մարդիկ՝ սկսած երեք նախագահներից: Նրանց մասին կարելի է բազմաթիվ լավ, նույնքան շատ՝ վատ բաներ ասել:

Բայց թե նախագահները, թե իշխանության բուրգով նրանց ստորադասներից շատերը որոշակի «ամագ ունեն» Ղարաբաղի ազատագրման գործում: Հիմա պատկերացրեք, որ այդ բոլոր խմբերը, իրենց բոլոր ահավոր թերություններով, հեռանում են պետական եւ քաղաքական ասպարեզից: Ովքե՞ր են գալու նրանց փոխարեն: Ավելի զուսպ, համեստ, կրթվա՞ծ, պակաս լկտի եւ կոռումպացվա՞ծ մարդիկ: Աստված տա: Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ ավելի սրտացա՞վ: Չգիտեմ:

Ես իսկապես չգիտեմ այդ հարցերի պատասխանը: Գուցե էմոցիաների ազդեցության տակ, «տաք գլխով» շատերը ինչ-որ կտրուկ գնահատական կտան եւ ինչ-որ մի բանում էլ ինձ կմեղադրեն: Բայց ես հիշեցի մոտ 20 առաջվա խոսակցությունս Հրանտ Մաթեւոսյանի հետ: Նա ինչ-որ հարց տվեց, ես ինչ-որ բան ասացի, եւ մեր նշանավոր արձակագիրը նկատեց. «Արագ ես պատասխանում»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել