Քաղաքական  մեկնաբան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (կամ նրա մերձավորների) մասնակցությամբ տեղի ունեցած հերթական մահվան ելքով միջադեպը կրկին ցնցեց հասարակությունը: Այս միջադեպը սովորական սպանությունից տարբերվում էր հենց միայն նրանով, որ միջադեպին ուղղակի ձևով ներգրավված էր պետական պաշտոնյա, ում պահվածքի կամ անթույլատրելի գործողությունների արդյունքում քաղաքապետի նախին թեկնածու է սպանվում, իսկ նրա եղբայրը, ով ԼՂՀ ՊԲ-ում բարձրաստիճան զինվորական է (զորամասի հրամանատար), ծանր վիրավոր է:
Այս իրավիճակում, պատասխանատվության առումով, առանձնապես տարբերություն չկա՝ արդյոք Սուրիկ Խաչատրյանն անձա՞մբ է կրակ բացել սպանվածի կամ վիրավորի վրա, թե՞ ոչ: Տարիներ ի վեր նա իր վարքով ու գործողություններով կանաչ լույս է վառել իր մերձավոր շրջապատի համար, ովքեր իրենց անպատժելի են համարում ու ցանկացած խնդիր փորձում են լուծել իրենց հոգեհարազատ մեթոդներով:
Ցավալիորեն պետք է փաստել, որ որոշ մարդիկ, այդ թվում՝ Սյունիքի մարզպետը, ովքեր Արցախյան պատերազմի տարիներին անուրանալի ծառայություններ են մատուցել մեր երկրին, պատերազմից 2 տասնամյակ հետո, իրենց գործողություններով, տրամագծորեն հակառակ ծառայությունն են մատուցում մեր պետականությանը:
Չլինելով իրավաբան և չտիրապետելով գործի մանրամասներին` իրավական առումով դժվարանում եմ կոնկրետ գնահատական տալ և պնդել, որ մարզպետը պետք է պատասխանատվության ենթարկվի Քրեական օրենսգրքի այս կան այն հոդվածով, սակայն քաղաքական առումով պնդում եմ՝ Սուրեն Խաչատրյանը պետք է հեռանա:

Մեկ դիտարկում ևս. Սյունիքի մարզպետի պաշտոնանկությունը, անշուշտ, դրական կդիտվի, սակայն պաշտոնյայի այդ տեսակի դեմ պայքարը դրանով չի կարելի ավարտված համարել, քանզի Սյունիքի մարզպետն իր տեսակով բացառություն չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել