Իսկ ես կարծում եմ` պետք չի զարմանալ, որ մենք արդեն շաբաթը մի քանի անգամ հաճախականությամբ ենք սկսել լսել սպանությունների մասին լուրեր: Հայը սպանում է հային, ծառայակիցը` ծառայակցին, ում ձեռքը զենք է հայտնվում, հզորությունը առաջինը դիմացը կանգնած մարդու վրա է փորձարկում...
Պետք չի զարմանալ, որովհետև այս ամենը միանգամից, մեկ օրում չեղավ, պարզապես հիմա մեր իսկ ցանած սերմերի տված պտուղների ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ժամանակն է սկսվել: Ի՞նչ դաստիարակություն ենք մենք տալիս երիտասարդներին, դեռահասներին, երեխաներին, որ նրանցից էլ պահանջենք ադեկվատ վարք: Ի՞նչ են նրանք տեսնում, ի՞նչ դաստիարակություն են ստանում` սերիալներ, որտեղ գլխավոր հերոսները հանցագործներ են, ապրում են անհոգ ու երջանիկ, մարդկանց սպանում են ու մորթում ճանճ սպանելու նման, առանց ախ քաշելու: Իրական կյանք, որը քիչ է տարբերվում այդ կործանիչ սերիալներից, մարդիկ հարստանում են ուրիշների արյան վրա դիզած ունեցվածքով, նրանք հաջողակ են, ունեն ամեն ինչ, վայելում են կյանքի բոլոր բարիքները, պատժվելու փոխարեն էլ խրախուսվում են ու պարգևատրվում...
Իսկ արդար, ազնիվ, մաքուր ու աշխատասեր մարդիկ իրենց տեղը չունեն ոչ սերիալների սցենարիստների մտքում և ոչ էլ իրական կյանքում: Ապրում են նվաստացած արժանապատվությամբ, մի կերպ օրվա հաց են վաստակում, 8 ժամի փոխարեն 18 ժամ են աշխատում, ու ի՞նչ, վաստակած գրոշներով չեն կարողանում հոգալ իրենց ընտանիքի անգամ նվազագույն կարիքները...
Դե հիմա ասեք, ինչու՞ պետք է մեր երիտասարդները երկրորդներին նմանակեն...
Խնդրի արմատները պետք է լրիվ այլ տեղ փնտրել, և մի քանի հոգու աշխատանքից ազատելը դրա լուծումը չի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: