
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը՝ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այս տեղեկատվությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ երեկ երեկոյան հրազենային վնասվածքից մահացած կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի հրաժեշտի արարողությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից 01.06.13թ., ժամը 21:40-ի սահմաններում հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:05-ի սահմաններում, պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:
Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Ս.Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել Ս.Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն: