Հայաստանի Հանրապետությունում չի հաստատվի օրենքի գերակայություն, քանի դեռ մարդկանց մեծ մասի մոտ չկա հարգանք սեփական օրենքների նկատմամբ: Չի հաստատվի ազատություն և հավասարություն, քանի դեռ օրենքին հետևողները համարվում են գործ տվողներ ու «շառ» անողեր: Բանակում չի հաստատվի կարգ ու կանոն, քանի դեռ երիտասարդ-պատանիների մեջ չի վերացել «յախշի» լինելու ու մյուսներին ճնշելու բարդույթը: Երկրում տեղի չի ունենա հեղափոխություն, քանի դեռ յուրաքանչյուր մարդ իր գլխում և հոգում չի իրականացրել հեղափոխություն: Հասարակությունում արժեհամակարգային խնդիրներ կան: Պետք է առաջին հերթին դրանք կարգավորել և ապա նոր մտածել ժողովրդավարության և ժողովրդաիշխանության մասին: Տեղին է ասում իմ ֆեյսբուքյան ընկերներից Ցոլակ Գրիգորյանը.
- Պետք է ձևը և բովանդակությունը իրար համապատասխանեն, իրար ներդաշնակ լինեն: Անտանելի է, երբ դրանք չենք համապատասխանում:
Հիմա մենք ունենք էդ ձևի ու բովանդակության խնդիրը:
Մարդիկ սովոր են ամեն ինչում քննադատել սրան կամ նրան, իշխանավորին կամ օլիգարխին, նախարարին կամ փոխնախարարին, բայց չեն հասկանում, որ էսօր շատ բաներ կախված են մեզնից, մեր էությունից ու բնությունից: Իհարկե, ես չեմ արդարացնում ազգիս տականք շատ ու շատ օլիգարխների կամ իշխանավորների, բայց ամեն ինչ չի, որ նրանց ձեռքում է, ընդհակառակը՝ շատ բաներ մեր ձեռքում է, ուղղակի մենք չենք ուզում դա ընդունել:
Նաև տեղին է ասում իմ ֆեյսբուքյան մյուս ընկեր Սմբատ Ղահրամանյանը.
-Քննադատում են ավելի լավն առաջարկելով, այլապես մնացածը դատարկաբանություն է:
Համաձայն եմ նաև այս մտքի հետ, որովհետև այսօր շատերը քննադատում են անտեղի ու առանց հիմքի:
Ինչևէ, հուսով եմ՝ շուտով կհասկանանք և կընդունենք այս ամենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել