Չարագուշակ լուր` դարձյալ հայտնվել է եթերում նարեկ սարգսյանը: Բոլորս հիշում ենք այն ժամանակները, երբ մոտ տասնհինգ տարի առաջ նա որպես աչքալուսանք հեռուստացույցով հայտնեց, որ շուտով Երևանի կենտրոնը դառնալու է մի մեծ շին. հրապարակ: Հասկացողները սարսափեցին իրենց սիրելի քաղաքին սպասվող աղետից, որը շուտով իրականացավ: Հիմա հերթական խորամանկությամբ, ստախոսությամբ և ստալինյան ոճի զրպարտանքներով կրկին նա եթերում է: Այն ժամանակ ասում էր. «Այս ինչ ստախոս մարդիկ են, ասում են՝ Օպերայի բակում երեք հարկանի ռեստորան ենք կառուցում, այնինչ... երկու հարկանի ենք կառուցում»: Կամ Երևանում տրամվայի գծերը հանելուց առաջ ասում էր, որ Եվրոպայում բոլոր տրամվայի գծերը հանում են: Հիմա ասում է. «Ոչ ոք չի կարող արգելել, որ ճարտարապետը մտածի, դրա համար հրապարակի վերանորոգման մրցույթ ենք հայտարարում»: Հայոց լեզվի բառապաշարը չի բավականացնում այս երևույթը որակելու համար: Ասում են՝ միջակությունը պայքարում է հանճարի դեմ նաև տարածության և ժամանակի մեջ: Ինչպես երևում է, Թամանյանի հանճարը սարգսյան միջակությանը հանգիստ չի տալիս: Ինչպե՞ս ազատել Թամանյանին, քաղաքը և մեզ այդ երևույթից, որևէ մեկը կարո՞ղ է ասել:



