Ինչպես Գորիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 ժամից ավելի է՝ Գորիսի ոստիկանությունում է գտնվում Սյունիքի մարզպետ Լիսկա մականվամբ Սուրեն Խաչատրյանը: Նա այս պահին ոստիկանությունում բացատրություն է տալիսայսօր իր տան մոտ հնչած կրակոցների և սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի քանի գորիսեցիներ իր հետ զրույցում հայտնել էին, որ իրենք ո՛չ մարզպետի, ո՛չ էլ Բուդաղյանների շրջապատից են ու ասել էին, որ սպանության հիմնական մեղավորը քաղաքապետի նախկին թեկնածուն է և նրա եղբայրը: Որոշ ժամանակ անց ֆոտոլրագրողը պարզել էր, որ այդ անձինք մարզպետի հարազատներն ու ընկերներն էին, և նրանց նպատակը հանրության մեջ ապատեղեկատվություն տարածելն էր:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր հետ զրույցում մարզպետը հրաժարվեց կատարվածի մասին որևէ տեղեկատվություն հայտնել՝ պատճառաբանելով, թե «լավ ա՝ քնած եմ էղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի խումբ գորիսեցիներ պատմում էին, որ Արտակ Բուդաղյանի հրամանատության տակ եղած զորամասը ճանաչվել է 2012 թվականի լավագույն զորամաս:









