Մարդիկ այժմ ցանկացած նորության արձագանքում են թուր ու թվանքով՝ ունենալով միայն բացասական տրամադրվածություն, մանավանդ եթե այդ նորությունն ավելի է սրելու սոցիալական ծանր վիճակը: 
Շատ տնտեսագետներ ահազանգում են, որ թանկացումներն իր հետ կբերեն բազմաթիվ խնդիրներ, իսկ աշխատավարձը չի բավականացնի այդ խնդիրները լուծելու համար: Նշվում է, որ շատերն ընտրում են և կընտրեն արտագաղթի ճանապարհը, իսկ մնացածները կբողոքեն և դժգոհության ալիք կբարձրացնեն, որը չգիտես թե ինչ անկանխատեսելի հետևանքներ կունենա: Ամեն դեպքում՝ անտարբերություն չի լինի, քչերն են համակված լավատեսությամբ ու կարող են առանց խուճապի դիմակայել խնդիրներին:
Հոգեբաններն այս ամենի պատճառը տեսնում են սոցիալական արդարության հաստատման ցանկությունից մինչև ավելի լավ ապրելու ձգտման մեջ:
Հասունանում է սոցիալական բունտ, որն ավելի պարզորոշ կարտահայտվի սպասվելիք թանկացումներից հետո: Մարդիկ պարզապես չեն կարողանա վճարել հարկերն ու տուրքերը, իսկ պետական համապատասխան մարմինները պարտքերի դիմաց չվճարողների ձեռքից բնակարա՞նն են վերցնելու, թե՞ բանտ են նստեցնելու: Անհնար է այլևս միջին աշխատավարձով ապրել, իսկ չաշխատողների համար իրավիճակն առավել քան բարդ է:
Թե Հայաստանում քանի տոկոս գործազրկություն կա, դժվար է ասել, քանի որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությանը ոչ բոլորն են դիմում և հաշվառվում որպես գործազուրկ կամ աշխատանք փնտրող: Ի դեպ՝ գյուղաբնակները դժգոհում են այն փաստից, որ հող ունենալու դեպքում իրենք չեն կարող գործազուրկի կարգավիճակ ունենալ և նպաստ ստանալ, մինչդեռ հողագործությամբ զբաղվելով՝ աշխատանքային ստաժ ձեռք չեն բերում: Եթե հողագործը համարվում է զբաղված, ապա ինչո՞ւ չի կարող աշխատանքային ստաժ ունենալ:
Հայը միշտ գտել է հանճարեղ տարբերակներ ու արդյունավետ միջոցներ՝ իր առջև ծառացած խնդիրները լուծելու համար, բայց այս դեպքում դժվար թե կարողանա ելք գտնել: Բնակարանը տաքացնելու այլընտրանքային միջոց ունի գյուղացին՝ աթար, փայտ, իսկ քաղաքաբնակը պետք է մտածի միայն խնայողության մասին: 
Այն ցանկությունը, որ հարուստ գործարարներն ու ազդեցիկ պաշտոնյաները միախմբվեն ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիր առաջարկեն, այնքան էլ իրատեսական չէ: Ամեն դեպքում՝ մարդիկ շարունակում են ուղիներ փնտրել:
Տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը ներկայացրել է մի առաջարկ. «էներգետիկ ռեսուրսների, էներգակիրների արդյունավետ օգտագործումը, ջերմային կորուստների կրճատումը, էներգախնայողության համակարգերի ներդրումը, այլընտրանքային էներգակիրների օգտագործումը պետք է լինեն մոտակա տարիների հրամայականը: Կարծում եմ, այդ ծրագրի մշակումը կառավարությունը պետք է սկսի երկրի էներգաաուդիտից»: Նա նշել է, որ պետք է ներդնել այսպես կոչված «խելոք» (smart) լուսավորության համակարգեր, որոնց միջոցով շենքերում, շքամուտքերում, հիմնարկ-ձեռնարկություններում, փողոցներում լույսը միանում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է: Այդպիսի համակարգերը թույլ են տալիս 3-ից 7 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը: 
Սա, իհարկե, մոտ ժամանակների բան չէ: Կարծում եմ, որ եթե կարողանանք այընտրանքային տարբերակներով տաքանալ և այլընտրանքային լուսավորություն ունենալ, «այլընտրանքային հաց» դժվար կլինի ստեղծել, իսկ փոխադրամիջոցների անվճար ու լավագույն տարբերակը կմնան… ոտքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել