Ավելի քան տասնյոթ դար առաջ Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունումն այսօրվա Հայաստանում դարձել է իրարամերժ տեսակետների ու մոտեցումների բախում առաջացրած տեսական խնդիր: Հարյուրամյակներ առաջ կատարված այդ ընտրությունը ծնել է երկու տեսակի առասպելաբանություն՝ նախաքրիստոնեական և քրիստոնեական Հայաստանների հակադրվող ու փոխոչնչացնող միֆերը: Դրանցից առաջինը հանգում է այն համընդգրկուն հետևությանն, ըստ որի քրիստոնեության ընդունումը կործանեց երկրի ապագան և դարձավ մեզ պատուհասած բոլոր չարիքների պատճառը, իսկ երկրորդը, բնականաբար, հակառակ թեզը առաջ տանելով, համոզում է, որ հենց քրիստոնեությունն էր, որ ապահովեց ազգի հարատևումն ու զարգացումը: Երկու տարբերակներն էլ գայթակղիչ են, քանի որ տալիս են մեր պատմական ընթացքի պարզունակ, միակողմանի ուստի և շատերի համար դյուրամարս պարզաբանումը: Կարծում եմ, որ մեր քրիստոնեանալու պատմությունը հարկավոր է դուրս բերել ցանկացած առասպելաբանության ստվերից, քանի որ այն այսօր էլ է լրջորեն կաշկանդում որոշումներ կայացնելու մեր ունակությունը, սահմանափակում այսօրվա աշխարհում կողմնորոշվելու հնարավորությունը: Դա առավել անհրաժեշտ է նաև այն պատճառով, որ նախաքրիստոնեական ու քրիստոնյա Հայաստաննները միասնություն են կազմում և ոչ թե հակադրություն: Մենք զոռով փորձում ենք երկու կես անել այն, ինչը միաձույլ է եղել իրականում՝ նորմալ չէ, երբ մարդն իր մարմնի մի կեսը սիրում ու խնամում է, իսկ մյուսին՝ ատում ու ցավ պատճառում: Անշուշտ այս վիճակը ծնող լուրջ նախադրյալներ կան, որոնք, թերևս, նոր չեն, բայց սա արդեն առանձին խնդիր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել