Ամբողջ գիշեր չտեսի պես «1984»֊ն էի կարդում, որ տեսնեմ՝ վերջն ինչ ա լինում։ Վերջացնելուց հետո մի տեսակ ահավոր ճնշող զգացում ունեցա․ հույս ունեի, որ ինչքան էլ տանջեն, մինչեւ վերջ կդիմանա ու չի կոտրվի, գոնե զգայական մակարդակում՝ պարտիայի հանդեպ ատելությունը կմնա ատելություն, աղջկա հանդեպ սերը՝ սեր։

Հետո, երբ արդեն ամեն ինչ պարզ դարձավ, գիրքը փակեցի, մի կողմ դրեցի, տենց արդեն առավոտվա վեցը կլիներ, պառկած սկսեցի մտածել։
Իսկ ես տենց մարդ ունե՞մ, ում համար չէի կոտրվի։ Որովհետեւ լրիվ պատկերացնում եմ՝ ինչ բարդ ա ցավին դիմակայել, տենց ամեն ինչ ուզում ես տալ, մենակ մի պահ էդ ցավը չզգաս։ Հատկապես էս դեպքում, երբ մենակ ցավ չէր, այլ նաեւ ճնշում անձի վրա։ Քեզ զրոյացնում են ու ասում՝ տես, թե էս մեր ասածն ընդունես որպես ճշմարտություն, քեզ հանգիստ կթողնենք։

Հետո մտածեցի՝ բա ազատության գաղափարը ավելի ուժեղ չի՞, քան մի մարդը, գոնե դրա համար պետք ա չկոտրվեր։ Բայց մեկ էլ սենց միտք անցավ՝ իսկ ինքը իրոք գիտե՞ր՝ ազատությունը ինչ բան ա։ Ազատությունն էլ մի կողմ՝ իր ասած «մարդ» լինելը։ Ախր ինքը պատրաստ էր ամեն տեսակ վատ արարքի, ինչը «Ախպերությունը» կպահանջեր իրենից ու երբեմն նույնիսկ էնպիսի արարքների, ինչը կաներ հենց նույն պարտիան (մարդ սպանել, տանջել եւ այլն)։ Իսկ  բռնությունից ազատվելու համար բռնության գնալը մեկ ա մնում ա բռնություն, չէ՞։

Օրինակ աղջիկը բողոքում էր պարտիայից, երբ պարտիան իր կյանքին էր խանգարում։ Ու տենց շատ ճիշտ բնութագիր էր «Դու ապստամբ ես միայն գոտկատեղից ներքեւ» (որովհետեւ պարտիայի կանոնները նրան զրկում էին գոտկատեղից ներքեւ հաճույքներից)։ Իսկ երբ խոսք էր գնում ընդհանուր գաղափարներից, պարտիայի ավելի ծանրակշիռ ու ակնհայտ բռնություններից, ստերից, նրա համար մեկ էր, ու նա քնում էր։

Ու ինձ թվում ա՝ իրենք ուղղակի չգիտեին՝ ազատությունն ինչ բան ա, պատրաստ չէին։ Իրենք շատ լավ գիտեին՝ չազատությունն ինչ ա, բայց ազատության հետ եկող դժվարությունները՝ չէ։ Եթե իրենք էլ ապրեին պրոլների պես՝ անգիտակից, ամբողջ օրն աշխատանքի մեջ, բայց մի քիչ հսկողությունից դուրս, երեւի համակարգից չբողոքեին էլ։

Ու տենց, չկար գաղափար, դրա համար էլ հեշտ էր կոտրել։ Կամ ես ինձ հույս եմ տալիս, որ եթե նման բան լիներ ոչ գրքի մեջ, այլ մեր իրականությունում, ապա գաղափարի համար պայքարող մարդիկ միեւնույնն ա կպայքարեին մինչեւ վերջ։

Ու վերջացնելուց հետո նաեւ մտածում էի, իսկ եթե ինձ տանեն 101 սենյակ, էնտեղ ի՞նչ կլինի։ Ու տենց էլ չմտածեցի, ինչից կարամ էդքան շատ վախենալ ու ուրախացա ։Ճ Եթե ես ինքս ինձ էդքան չեմ ճանաչում, ուրեմն ինձ տանջողներն էլ չեն իմանա՝ ինչն ա իմ համար ամենասարսափելին։

Սենց։ Գիրքը շատ լավն էր։

Ֆլոյդի էս երգն էլ, լրիվ ոնց֊ որ «1984» լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել