
Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց մամուլում տեղ գտած այն հրապարակումը, թե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում այսօր վաղ առավոտյան տեղի է ունեցել միջադեպ: ՊՆ մամլո խոսնակը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է հետևյալը. «Ես երկու ժամից կներկայացնեմ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները»: Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է նաև, որ միջադեպի հետևանքով զինծառայող է մահացել:
Հիշեցնենք, որ մամուլում տեղ գտած հրապարակման համաձայն այսօր վաղ առավոտյան Վ. Սարգսյանի ռազմական ինստիտուտի վերակարգում ընդգրկված պահակային ծառայություն իրականացնող պահակադիրը գնդակահարել է վերակարգին, որն էլ տեղում մահացել է: Մահացածի դին գտնվում է Երևան քաղաքի պաթոլոգո-անատոմիկական լաբորատորիայում:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Իսկ թե ինչն է եղել միջադեպի պատճառը, Պն-ից հայտնել դեռևս չցանկացան՝ նշելով, որ ընթանում է նախաքննություն: