Ընդունված է ասել, որ հաջորդ ընտրություններին նախապատրաստվում են տվյալ ընտրության հաջորդող օրվանից սկսած։ Մեր պարագայում շատերը հաջորդ ընտրություններին նախապատրաստվում են այս ընտրությունները դեռ չկայացած, ու նրանք միանգամայն ճիշտ են, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում մենք այսօր խորհրդարան չենք ընտրում, որն էլ ընտրելու է վարչապետ, այլ գործող վարչապետն ինքն է ընտրում այն խորհրդարանական մեծամասնությունը, որն իրեն հռչակելու է վարչապետ։

Պատահական չէ, որ իշխող ուժի ղեկավարն իր քարոզարշավն այդ տրամաբանությումբ էլ տանում է։ Ու եթե այս արձակված խոհրդարանի ընտրության արդյունքները ժամանակին ճանաչել էին ինչպես միջազգային կառույցները, այնպես էլ խորհրդարանական ուժերը, այդ թվում՝ «Ելք» դաշինքը, բայց հետագայում ասվեց, որ մեկ տարի անց այլևս չեն արտահայտում հասարակական տրամադրությունները, ապա նորընտիր խորհրդարանն ընտրությունից մեկ օր անց անգամ չի արտահայտելու հասարակական տրամադրությունները։

Ժողովուրդը կհիասթափվի Նիկոլ Փաշինյանից, թե այս կամ այն պատճառով հրաժարական կներկայացնի նա կամ պաշտոնանկ կարվի, ապա ով էլ ընտրվի վարչապետ, հասարակական վստահության մանդատ չի ունենալու։ Իսկ դրանից հետևում է, ժանրի այլևս հաստատված կանոնների համաձայն, որ խորհրդարանը պետք է արձակվի։ Ու այն պնդումը, թե այս խորհրդարանը չի կարող կամ չպետք է գործի իր ողջ ժամկետով, խիստ տրամաբանական է։

Դե, ինչպե՞ս այս միջոցառումն ընտրություն համարես, երբ իշխող ուժը գիտի, որ ինչ էլ ասի, ինչ էլ անի, ինչ ծրագիր էլ ներկայացնի, ինքն ընտրված է բացարձակ մեծամասնությամբ, իսկ մնացյալ տասը ուժերն էլ նախընտրական ծրագիր են ներկայացնում, թե հաղթելու դեպքում ինչպես են լուծելու երկրի առաջ ծառացած խնդիրները, բայց շտապում են ազդարարել, որ իրենք իշխանության գալուն ոչ հավակնում են, ոչ էլ կարող են։ Այստեղ կենդանի դասականի ոճով կարելի է ասել՝ այս իրատեսական ծրագիրը գրել եք, որ ի՞նչ անեք, երբ ձեր իշխանության գալն արդեն անիրատեսական է։ Միգուցե պետք է ներկայացնեին, թե որպես ընդդիմություն ինչպե՞ս են օգնելու կամ պարտադրելու իշխանություներին կյանքի կոչել իրենց ծրագիրն ու նախընտրական խոստումները։ Բայց այստեղ էլ հայտնվում ենք զավեշտալի իրավիճակում։ Մի մասն օգնելու, իսկ մյուսը պարտադրելու է իշխանություններին կյանքի կոչել այն ծրագիրը, որը մեր հարգարժան ընդդիմադիրները համարում են վատը, անլուջ, ուղղակի էյֆորիայի ազդեցության տակ ընդունված։ Իսկ ովքեր, իշխանություններին սիրաշահելով, ընտրություններից հետո կոալիցիա կազմելու թաքուն հույս են փայփայում, նրանց հիասփափություն է սպասվում, քանի որ բացարձակ մեծամասնություն ունեցող ուժի՝ կոալիցիոն կառավարություն կազմելու ցանկությունը քաղաքագիտական առումով անգրագիտություն է, իսկ «ռեալ պոլիտիկի» առումով՝ անտրամաբանական։

Իսկ կարո՞ղ է որոշ ժամանակ անց խորհրդարանական ընդդիմությունն իր գոյությունն արդարացնելու նկատառումով ուշքի գալ ու փորձել լուրջ դիմադրություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Տեսականորեն՝ այո, բայց հենց փորձեն փոքրիշատե անհանգստություն պատճառել վարչապետին, քանի դեռ նա հասարակական աջակցություն կունենա, անմիջապես կոչ կանի ժողովրդին շրջափակել խորհրդարանի շենքը։ Ակնհայտ է, որ այս պարագայում իշխանության դեմ պայքարը դուրս է գալու խորհրդարանի պատերից, և նոր որակի համախմբման փորձեր են արվելու արդեն արտախորհրդարանական ուժերի կողմից։ Իհարկե, այս պարագայում թվում է, թե լուրջ դերակատարություն են ունենալու կոշտ պայքարի պատրաստ և ունակ ուժերը, բայց դա այդքան էլ այդպես չէ, քանի որ նրանց չի հաջողվելու իշխանական «դըմփ, դըմփ, հու»-ին հակադարձել ընդդիմադիր «Հու, դըմփ, դըմփ»-ով, քանի որ ժողովրդի ձեռքերի վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին թույլ չի տա այդ ժողովրդին կոշտ մեթոդներով իր դեմ հանել, նրանք կորակվեն հակահեղափոխական, ռևանշիստ, սև, ու եթե պետք լինի, արյան գնով անգամ կպաշտպանի հեղափոխական ձեռքբերումները (իշխանությունը)։ Նիկոլ Փաշինյանը, հազիվ բազմած երկրի թիվ մեկ գահին, արդեն բարձրաձայն մտորում էր, թե որն է այդ աթոռին երկար մնալու գաղտնիքը, մասնավորապես, թե ինչի շնորհիվ է Սերժ Սարգսյանը տասը տարի պաշտոնավարել։

Իրականում թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին հաջողվել էր տասը տարի պաշտոնավարել հիմնականում այն պատճառով, որ այն ժամանակներում երկրում կիսանախագահական կառավարման համակարգ էր, ու պալատական հեղաշրջումը խիստ ռիսկային էր։ Ու նա, ում մտքով կանցներ գահընկեց անել նախագահին, դեռ պետք է կարողանար ժողովրդից մանդատ ստանալ ուղիղ ընտրությունների միջոցով, իսկ եթե դա չհաջողվեր, ապա կկորցներ այն ամենն, ինչն ուներ իշխանության մեջ գտնվելով, մինչդեռ գործող խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում անգամ կառավարության կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի ճարպիկ պահեստապետը կարող է դառնալ վարչապետ՝ որպես կոմպրոմիսային ֆիգուր ազդեցիկ ուժերի համար։ Իսկ սա էապես մեծացնում է սուպերվարչապետության պարագայում այդ աթոռի գինը, դրան հասնելու կամ հասնողին այդ հարցում աջակցելու գայթակղությունը։ Ու հարկ է հաշվի առնել, որ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ներպետական հակասությունները հանդեպ մեր իշխանությունները կարող են այն աստիճանի սրվել, որ իշխանափոխությունը դառնա անխուսափելի։ Ու ամենևին պարտադիր չէ, որ այս երեք շահառուներն իրար հետ համագործակցեն, ուղղակի շահերի ընդհանրությունը նրանց կդարձնի բնական դաշնակիցներ։ Այնպես որ, ընտրությունների ավարտից մի կարճ ժամանակ անց վարչապետը հասկանալու է, որ ունի բացարձակ իշխանություն, բայց որքան թույլ է ու խոցելի այդ իշխանությունը, երբ իր ուսերին են բարդվելու մեծապես անլուծելի խնդիրներ, իսկ հասարկությունն էլ կամաց-կամաց դուրս է գալու էյֆորիայից, մի մասն անմիջապես կընկնի դեպրեսիայի մեջ, մյուս՝ առավել ակտիվ ու ագրեսիվ մասն էլ իշխանափոխություն կպահանջի։

Ես չափազանց բարձր եմ գնահատում այն հանրային գործիչերի (լինեն նրանք քաղաքական, հասարակական, թե լրատվական դաշտի) համառ ջանքները, որոնք համընդհանուր թուքումուրի ու հայհոյանքների տարափի տակ շարունակում են ներկայացնել հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանության սխալները, խոսքի ու գործի անհամապատասխանությունը, իշխանությունն ամեն գնով պահելուն միտված այնպիսի վայրիվերումները, որոնք նրան դարձնում են անհուսալի գործընկեր թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, անփորձության արդյունքում անծրագիր ու անհայեցակարգ, օրվա կուրսով այս բանավոր գործելաոճը։ Իհարկե, պետք է ցավալիորեն փաստել, որ հիշյալ հանրային գործիչների այդ անշնորհակալ գործի ազդեցությունը հանրային կարծիքի վրա դեռ մոտ է զրոյին, ու պետք չէ ներկայացնել, թե տեսեք, հասարակության շրջանում արդեն շատերը կիսում են իրենց տեսակետներն ու այլևս այդքան ագրեսիվ չեն, ու դա իրենց բացատրական աշխատանքի շնորհիվ է։ Ո՛չ, մարդիկ հասկացան, որ խաբված են, ու շատերը սկսեցին այլ կերպ վերաբերվել իշխանությանը քննադատողներին։ Այսինքն՝ էյֆորիայի ժամանակ ժողովրդին առաջարկած կանխարգելիչ հակադեպրեսանտը չէր կարող արդյունավետ լինել, մարդիկ դեռ վայելում են իրենց հաղթանակը, ի՞նչ դեպրեսիա։ Բայց հիշյալ գործիչների արածն այնքանով է կարևոր, որ նրանք այս ընտրությունից հետո բոլորից շատ ունեն բարոյական իրավունք՝ և՛ նոր իրավիճակը ախտորոշելու, և՛ բուժում առաջարկելու, և՛ իրավիճակից դուրս գալու ճանապարհը նշելու։

Վստահ եմ՝ նրանց գործը ո՛չ անտեսվելու է, ո՛չ մոռացվելու ու պատշաճ գնահատանքի կարժանանա այս ընտրություններից որոշ ժամանակ անց։ Այնպես որ, հետընտրական շրջանում համախմբման ու միասնական պայքարի ճակատ ստեղծելու բանակցություններն ու գործնական քայլերն այդ ուղղությամբ ավելի ինտենսիվ են ընթանալու, քան անգամ այս նախընտրական աժիոտաժի պարագայում։ Ու նրանք, ովքեր կարողանում են կանխատեսել անկանխատեսելին և ունակ են կառավարելու անկառավարելին, նրանց համար այս ընտրությունները ոչ թե հեղափոխության ավարտն են արձանագրելու, այլ ընդհակառակը՝ նոր ու ավելի կարևոր փուլի սկիզբն են ազդարարելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել