
Ստամբուլի Գեզի զբոսայգու համար ոտքի ելած ցուցարարները կարողացել են մտնել Թաքսիմ հրապարակ, որի հարևանությամբ էլ գտնվում է այգին:
Ոստիկանները սկսել են լքել Թաքսիմի տարածքը, իսկ ցուցարարները զբաղեցրել են այն: Այս ընթացքում նույնպես բախումներ են եղել: Թուրք իրավապահները շարունակել են արցունքաբեր գազի հսկայական չափաբաժիններ օգտագործել:
Արդեն հայտնի է, որ Թուրքիայի ընդդիմադիր քեմալիստական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ուղևորվում է Թաքսիմ հրապարակ:
Մայրաքաղաք Անկարայում նույնպես բողոքի ակցիան շարունակվել է: Ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնական Քըզըլայ հրապարակում:
Նշենք, որ ավելի վաղ նշվում էր, որ Թուրքիայի որոշ շրջաններում Թվիթերն ու Ֆեյսբուքն անհասանելի են:
Նշենք, որ բողոքի ակցիայի համար առիթ էր դարձել Ստամբուլի Գեզի զբոսայգում ծառահատումներն ու կառուցապատման աշխատանքները, ինչը դժգոհությամբ էր ընդունվել ստամբուլցիների մի մասի կողմից: