Բարի լույս.
Երբ Արցախում դեռ նոր էին սկսվում կռիվները, Հյուսիսային Արցախում սկսված «Կալցո» գործողության ընթացքում (երբ ազյեռների կողմից կռվում էր սովետական բանակը) շրջափակման մեջ վերցրեցին Շահումյան-Գետաշենը, ու նրանց սպաները, կապնվելով Թաթուլ Կրպեյանի ու նրա ֆիդայիների հետ (որոնք մեզ համար ազատության մահապարտներ էին, իսկ Սովետի համար՝ սեպառատիստ-տեռորիստներ), առաջարկեցին նրանց հրաժարվել Գետաշենից ու հեռանալ, որովհետև շրջապատված էին: Թաթուլի պատասխանը սա էր. «Միայն իմ մեռնելուց հետո»:
Գետաշենն ու Շահումյանը մենք կորցրինք, Թաթուլն էլ զոհվեց՝ կռվելով իրոք Առյուծի նման: Բայց նրանից հետո էլի տասնյակ հազարավոր թաթուլկրպեյաններ ասացին «միայն մեր մեռնելուց հետո», ու էլ ոչինչ չկորցրինք: Նրանցից 6500 Տղերք իրենց արյունով երկիր մոլորակի վրա նկարեցին Նոր Հայաստանի քարտեզը: Շատ ավելի մեծ, քան մինչ այդ էր:
Տարիները սկսեցին անցնել, ու մենք սկսեցինք հաճախ ուրիշ տարբեր տղամարդկանցից, տարբեր բեմահարթակներում ու շոուներում լսել այդ արտահայտությունը՝ «Միայն իմ դիակի վրայով»: Բայց այլևս այն ուժը չուներ: Կլոունադայի վերածվեց աշխարհը: Ամեն տեսակի լպրծուններն ասում են այն վեհիմաստ խոսքերը, որոնք միայն Հերոս Տղերքին էին վայել:
ԽՈՍՔԸ ԿՈՐՑՐԵՑ ԻՐ ԱՐԺԵՔԸ: 
Իսկ աշխարհը սկսել է գրողի ծոցը գնալ հենց այն պահից, երբ մարդիկ կորցրին իրենց Խոսքի արժեքը: Երբ պատվի համար մեռնող Արքաները փոխարինվեցին խեղկատակներով ու ինչ-որ «գործիչներով»....զորավարներն ու իսկական իշխանները՝ բախտախնդիր ծաղրածուներով:
Իսկ Խոսքը նաև Աստծո հետ ուխտն էր: Օրենքն էր: Հենց Աստվածաշունչն էլ սկսվում է մոտավորապես այս տողերով.
- Սկզբում Խոսքն էր, ԱՍԱՑ Աստված ու կատարվեց:
Իսկ Աստծո կերպարով ստեղծված տղամարդու Խոսքը պետք է Աստծո Խոսքի պես հզոր լիներ: Չեղավ: Ազգերը սկսեցին կործանվել, որովհետև չպահեցին Աստվածային Խոսքը:
Ի՞նչ եմ ուզում ասել. այսօր աշխարհում երեխաների օրն է: Արթնանալով՝ մի պահ մտածեցի, թե ինչպիսին պետք է լինեն մեր երեխաները, որ մեր Ազգի համար ամեն ինչ դեպի լավը գնա...ու հիշեցի մեր Ազգի տղամարդկանց այս երկու տեսակին՝ թաթուլկրպեյաններ ու եսիմովքեր: Ինձ անկեղծ թվում է, որ եթե մայրերն ամեն մեկը դաստիարակեն 3-4 տղերքի այնպես, որ հարգեն իրենց Խոսքը, նենց ոնց հարգեց Թաթուլը, նենց ոնց հարգել էր Վարդան Մամիկոնյանը, մեր ազգի հաջորդ սերնդում էլ չեն լինի սողուններ, խաբեբաներ, գրոշների համար մարդկանց խաբողներ: Իսկ «եսիմովքերին» թող օգտագործեն միայն նրա համար, որ ցույց տան իրենց որդիներին, թե ինչպիսին ՉՊԵՏՔ Է լինի Հայ տղամարդը: Ուղղակի միացնեն հեռաստացույցն ու ասեն. «Տես, դու սրանց պես չպետք ա լինես!»: Պարտադիր չի՝ բոլորը գնան, Նրանց պես կռվեն, բայց եթե բոլորը ունենան նրանց վեհությունն ու ինքնասիրության զգացումը, մենք ոչ միայն կունենանք մեր երազած Հայաստանը, այլև կունենանք այն՝ իր իսկական տարածքներում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել