Hetq.am ինտերնետային կայքը լրագրողական հետաքննության արդյունքում հրապարակել է մի նյութ, որտեղ նշվում է, որ Արարատյան թեմի փոխանորդ Սրբազան Նավասարդ Կճոյանը, ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը Կիպրոսում ունեն օֆշորային ընկերություն, որի միջոցով էլ սնանկացել է գործարար Փայլակ Հայրապետյանը:
Այն, որ այդ երկու գործարարների մեջ կան ֆինանսական խնդիրներ, իրենց հարցազրույցներում փաստում են երկուստեք, բայց տարօրինակ է, որ Hetq.am-ը, հիմնվելով մեկ թղթի վրա, որտեղ նշված են նաև Նավասարդ Կճոյանի և Տիգրան Սարգսյանի անուն-ազգանունները, նրանց մեղադրում է Փայլակ Հայրապետյանին սնանկացնելու մեջ:
Պետք է նշեմ, որ օֆշորային կազմակերպություն գրանցելը շատ հեշտ է և ցանկացածի անուն-ազգանունը ևս կարող են այդ փաստաթղթում ընդգրկել, հետևաբար միայն այս թուղթը բավարար պայման չէ` վարկաբեկելու Հայաստանի աշխարհիկ և հոգևոր հեղինակային դեմքերին:
Այո, կայքը կարող է լրագրողական հետաքննություն իրականացնել և նման տեսակետ ներկայացնել, բայց սա բավականին ծանր մեղադրանք է և այստեղ պետք է լինի նաև իրավական գնահատական:
Իմ կարծիքով առաջիկայում իրավական մարմինները պետք է որ զբաղվեն այս հոդվածի ճշմարտացիությունը ապացուցելու հարցով, քանզի այս հոդվածն ուղղակիորեն վարկաբեկում է ՀՀ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները, քանզի քննադատում և ֆինանսական մանուպուլիացիաների մեջ է մեղադրում հոգևոր իշխանության բարձրաստիճան դեմքերից մեկին և աշխարհիկ իշխանության թիվ երկրորդ պաշտոնյային` հանրապետության վարչապետին: Հետևաբար սա այն դեպքն է, որին պետք է մինչև վերջ հետամուտ լինել և պարզել, թե որն է իրականությունը: 
Հետևելով այս թեմայի շուրջ ֆեյսբուքյան քննարկումներին` կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր, չսպասելով իրավական գնահատականներին, անուղղակիորեն վարկաբեկում և վիրավորական խոսքեր են ուղղում այս գործիչների հասցեին, շտապում են, և տեղին չեն նրանց գնահատականները, քանզի քաղաքակիրթ հասարակությունը, որպես կանոն, նմանատիպ ծանր մեղադրանքների դեպքում սպասում է իրավական կառույցների գնահատականին:
Հ.Գ. Ինքս ունեմ իմ տեսակետը և չեմ հավատում այս հոդվածի ճշմարտացիությանը` առնվազն Նավասարդ Սրբազանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեության հետ կապված, քանզի այս երկու գործիչները աչքի են ընկնում պետությանը և եկեղեցուն ծառայելու բացառիկ ունակությամբ և նվիրումով: 
Նավասարդ Սրբազանին ճանաչողները կամ նրա հետ շփում ունեցած մարդիկ կհամաձայնեն ինձ հետ, քանզի նա եկեղեցական և ազգային գործիչ է, ով իր կյանքը նվիրել է հայ եկեղեցուն, իսկ նրա ղեկավարած Արարատյան թեմը յուրաքանչյուր Աստծո օր կանգնած է հավատացյալ հայ մարդու կողքին, ինչպես իր աղոթքներով, այնպես էլ անհրաժեշտության դեպքում նյութապես:
Ուղղակի Սրբազանը երբեք թույլ չի տալիս լուսաբանել այն ամեն բարին, որը կատարվում է իր և Արարատյան թեմի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել