Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Մինսկում արված հայտարարությունը կարելի է սենսացիոն համարել: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մաքսային միություն մտնելու հարցում Երևանի դիրքորոշումը «հստակ է, և դրանում ոչ մի կասկած չկա»:
Ավելին, Մեդվեդևի ու Սարգսյանի արված հայտարարությունները հանգում են նույն տրամաբանությանը. հարցը այլևս չի գտնվում՝ անդամագրվո՞ւմ ենք Մաքսային միությանը, թե՞ ոչ, այլ նրանում, թե կոնկրետ ինչպես ու ինչ արագությամբ ենք ինտեգրվում այս կառույցի մեջ:
Մեդվեդևը մասնավորապես նշել է. «Հարկավոր է միայն նման համագործակցության համար ճիշտ ձևաչափ գտնել», իսկ մեր վարչապետն էլ ավելացրել. «Ժամանակն է ամեն ինչ որոշել տեխնիկական մակարդակով՝ ինչ տեմպերով և ինչ քայլերով առաջ շարժվել»:
Հաշվի առնելով, որ նույն Տիգրան Սարգսյանը նույն Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ երկու տարի առաջ հայտարարել էր. 
«Անիմաստ է անդամակցել Մաքսային միությանը, որովհետև մենք չունենք ընդհանուր սահման այդ Մաքսային միության հետ: Համաշխարհային փորձում չկա այնպիսի օրինակ, որ չունենալով ընդհանուր սահմաններ՝ ստեղծվեն կամ անդամակցեն մաքսային միությունների, քանի որ կորում է այն տնտեսական օգուտը, որը դուք կունենաք, եթե ձեր ապրանքը հատում է սահմանն առանց մաքսային զննման: Այն պատճառով, որ մենք Մաքսային միության հետ պետք է շփվենք երրորդ երկրների միջոցով և մաքսային բոլոր գործողությունները պետք է անցկացնենք, ոչ մի տնտեսական օգուտ դրանից չենք ունենա: Ավելին, մենք ստիպած կլինենք վերանայել մեր բոլոր մաքսային տուրքերը՝ համապատասխանեցնելով դրանք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի սահմանած մաքսատուրքերին: Իսկ դա նշանակում է որոշակի փոփոխություններ տնտեսական կառուցվածքում, և դրան շատ դժվար է գնահատական տալ»:

Եվս մեկ կարևոր հանգամանք. սրանից մի երկու օր առաջ Հայաստանում Գերմանիայի դեսպանը հայտարարել էր, որ Մաքսային միությանը անդամագրվելու դեպքում Հայաստանը կարող է մոռանալ Եվրոինտեգրման մասին: Հիմա կոնկրետ ինձ մոտ տարակուսանք է, որովհետև ինչ-որ հակասական իրադրությունում ենք հայտնվել ու պարզ չի հիմա, թե ի վերջո ի՞նչ ուղղությամբ ենք շարժվում ու առավել ևս՝ ի՞նչ է մեզ սպասվում առջևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել