Վայոց ձորի Ագարակաձոր գյուղի գյուղապետ Պարգև Միրզոյանը իր տղայի հետ ծեծի են ենթարկել նախկին գյուղապետ Դերենիկ Մարտիրոսյանին:
Այս մասին այսօր գրել է «Ժամանակ»-ը։ 

HayNews.am-ն այս առնչությամբ Պարգև Միրզոյանից պարզաբանում խնդրեց։ 

«Ես այդ ամենից խաբար չեմ եղել, իմ տղան ա եղել: Դերենիկ Մարտիրոսյանն էլ նախկին գյուղապետն է, ես էլ 7 ամիս է, որ գյուղապետ եմ: Ճանապարհին հանդիպել են, քշել է տղայիս վրեն, կանգնել, ասել էր` հո քոռ չես, վիրավորել էր, զանգել էր ինձ, ասաց` ինչ է եղել, ես էլ մի քիչ հեռու էի: Ասացի` եթե կարաք, եկեք խոսանք, վերջացնենք, տենց եկան, ճանապարհին ինձ չնկատեցին, անցան: Ես իրենց հետևից գնացի, զանգեցի տղայիս, ասացի, որ իրենց հետևից եմ գալիս: Իրանք կանգնում են, Դերենիկ Մարտիրոսյանը իջնում է, նորից հայհոյանքներ, քարով խփում է տղուս ձեռին, երեխեն էլ ուզում ա պաշտպանվի, ինքն էլ քար է ման գալիս, փետ ա ընկնում ձեռը, խփում է, նրա գլուխը մի քիչ քերծում ա, ճղում ա, չգիտեմ: Մինչև ես գնացի, բանը բանից անցել էր: Բայց Դերենիկ Մարտիրոսյանը սուտ ցուցմունք է տվել, թե ինձ հեր ու տղա են ծեծել: Այդ ժամանակ ես ջուր վերցրեցի, լվացրի: Ասեցի՝ եքա մարդ ես, 10-15 կմ ընկել ես երեխու հետևից: Ես չեմ մասնակցել եղածին»,- պատմեց նա:

Անդրադառնալով այդպիսի լարվածության պատճառներին` Պարգև Միրզոյանն ասաց. «Պատճառն այն է, որ ես եմ ընտրվել, իրենց դուրը չի գալիս: Իմ կինն էլ, իր կինն էլ դպրոցում են աշխատում, այնտեղ էլ են ընդհարումներ եղել»:

Ագարակաձորի գյուղապետը հայտնեց, որ տարածված լուրերը, թե ինքը ԲՀԿ-ական է, սուտ են. «Ես մինչև հիմա անկուսակցական եմ եղել և միայն երկու ամիս առաջ դիմում եմ տվել ընդունվելու ՀՀԿ, իսկ գյուղապետ ընտրվելիս անկուսակցական եմ եղել»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել