Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար

Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:
Չնայած երեխաներն իմ այս գրառումը դժվար թե կարդան, սակայն կարդում են մեծահասակները՝ նրանց ծնողները։ Այնպես որ կխնդրեի իմ անունից շնորհավորել երեխաներին, մաղթել, որ միշտ առողջ լինեն, հաջողակ և ուրախ։ 
Մենք՝ մեծերս, որ մեզ համարում ենք խելացի ու փորձառու, իրականում երեխաներից շատ բան ունենք սովորելու։ Անգամ ամենափոքրերից։ Նկատի չունեմ միայն այն, որ նրանք մեզնից ավելի լավ են գլուխ հանում հեռախոսներից, համակարգիչներից ու բարձր տեխնոլոգիաների մյուս նվաճումներից։ Առաջին հերթին սովորելու բան ունենք՝ մարդկային հարաբերությունների առումով՝ ազնվություն, անկեղծություն, պարզություն… Ավելի ճիշտ կլինի ասել՝ վերհիշելու կարիք ունենք, որովհետև մենք՝ մեծերս էլ ժամանակին երեխա ենք եղել։
Ու ցանկանում եմ, որ բոլոր երեխաները մանկական այդ գանձը՝ անկեղծությունն ու անմիջականությունը կարողանան պահպանել մինչև խոր ծերություն ու երբեք չափսոսան, որ կյանքում առաջնորդվել են ոչ թե մեծին հատուկ հաշվենկատությամբ, այլ մանկական շիտակությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել