Քաղաքական  մեկնաբան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստի ժամանակ քննարկվել է Հայաստանն ու Արցախը կապող երկրորդ ճանապարհի կառուցման հարցը, ինչը հնարավորություն կտա Երևանից Ստեփանակերտ հասնել 3 ժամում:
Ինչպես հայտնի է, անցյալում ևս այդ ճանապարհը տարբեր նպատակներով օգտագործվել է, նույնիսկ տրանսպորտ է գործում, սակայն հաշվի առնելով տեղանքն ու ճանապարհի` գռունտային լինելու հանգամանքը՝ հասկանալի է, որ այն չէր կարող լուծել այն խնդիրները, ինչ ժամանակակից ասֆալտապատված ճանապարհը:
Այս ճանապարհի կառուցումը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի` Արցախը Հայաստանին կապելու առումով, այլև սոցիալական և տնտեսական առումով ակտիվություն է խոստանում նաև ճանապարհի մերձակա հատվածներում գտնվող համայնքներին: Միաժամանակ դժվար է անտեսել այդ ճանապարհի դերակատարությունը` տուրիզմի զարգացման տեսանկյունից, ինչը այս ոլորտի համար ևս նոր հորիզոններ կբացի, իսկ Մարտակերտի ու Քաշաթաղի շրջանի այդ հատվածը ներդրումների համար առավել բարենպաստ իրավիճակ կստեղծի:

Մեկ կարևոր դիտարկում ևս. այս ճանապարհի կառուցմամբ ՀՀ և ԼՂՀ իշխանություններն իրենց դիրքորոշումն են արտահայտում շահարկման թեմա դարձած «այդ շրջանների վերադարձման հարցում» ունեցած մոտեցումների մասին: Ի վերջո, մանավանդ արտաքին քաղաքականության հարցում (մասնավորապես ԼՂ հարցում) փորձագետներն ու շարքային քաղաքացիները կարող են բաց տեքստով ներկայացնել իրենց տեսակետը, իսկ իշխանությունների դեպքում` այն առավելապես դրսևորվում է իրականացված քայլերի ու վարած քաղաքականության ձևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել