
Երբ մամուլից տեղեկացա, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, իրենց կայքում տեղեկացնում է, որ բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի թափանցիկ և հրապարակային, աշխատանքային քննարկումը չկայացավ ներկա գտնվող որոշ մասնակիցների ոչ կառուցողական մոտեցումների պատճառով, հասկացա, որ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու: Որպեսզի ավելի հասկանալի լինի՝ ինչի մասին է խոսքը, Ձեզ եմ ներկայացնում տվյալ թեմային վերաբերող հոդվածից մի քանի տող` «…Որից հետո աշխատանքային քննարկմանը միացավ Նազարյանը, որը կպած ուզում էր ազատվել լրագրողներից: Այլ կերպ հնարավոր չէ հասկանալ նրա ցանկությունը, բարձրանալ ավելի մեծ դահլիճ, որտեղ կարող է ավելի շատ մարդ տեղավորվի, բայց բաժանել մարդկանց առանձին խմբերի, իսկ լրագրողները նկարեն հինգ րոպեից ոչ ավել: Այսպիսի «կառուցողական» առաջարկ անելուց հետո նախկին քաղաքապետ և նախկին կապի և տրանսպորտի նախարար և ներկայիս հանձնաժողվի նախագահը համարեց, որ այլևս ասելիք ու անելիք չունի ու ընդհատեց քննարկումը»:
Հարգելի ընթերցող, մենք երևի դեռ տաք ենք և դեռ հստակ չենք գիտակցում, թե ինչպիսի սոցիալական աղետ է մեզ սպասվում կապված գազի գնի թանկացման հետ, որն էլ իր հերթին կբերի ամբողջ ապրանքատեսակների գների կտրուկ աճին: Հարց` արդյո՞ք գիտակցում ենք, թե՞ դեռ չենք գիտակցում, որ մենք մեր խղճուկ աշխատավարձերով չենք կարողանալու ծայրը ծայրին հասցնել: Եվ երբ տեսնում ես, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի թափանցիկ, հրապարակային, աշխատանքային քննարկումը ինչպես է կազմակերպում և ինչ մթնոլորտ է ձևավորվում այդ լսումների ժամանակ, հիշում ես Օստափ Բենդերի թևավոր խոսքերը` -«Спасение утопающих дело рук самих утопающих»:
maxinfo.am