Հանրապետության հրապարակի վերանորոգման ծրագիրը որքան անհասկանալի է Երևանի շատ բնակիչների համար, այնքան ավելի անհասկանալի է մարզերի, այլ քաղաքների և ինչու չէ գյուղերի բնակիչների համար: Չեմ հասկանում՝ էս ինչ վերաբերմունք է ՀՀ մյուս համայնքների բնակիչների նկատմամբ: Հասկացանք, բոլորս էլ սիրում ենք մեր մայրաքաղաքը, բայց որքա՞ն կարելի է պետական միջոցները ուղղել մի ուղղությամբ: Վարդենիսը քաղաք չի՞, Վանաձորը քաղաք չի՞, Գյումրին քաղաք չի՞: Էս բոլոր քաղաքների բնակիչները ինչո՞վ են պակաս Երևանի քաղաքացիներից, որ չպետք է ունենան թեկուզ մի բարեկարգ քաղաքային զբոսայգի, որտեղ կարողանան երեկոյան ժամերին ման գալ, օդափոխվել, կտրվել առօրյա խնդիրներից: Չե՛մ ընդունում այս ծրագիրը: Սխա՛լ է: Ես ոչ մի բան չունեմ Երևան քաղաքի կամ առավել ևս երևանցու նկատմամբ, բայց այն, ինչ անում է այսօրվա իշխանությունը, մեղմ ասած, ծաղրանք է մարզերի բնակչությանն ուղղված: Եվ սա է նաև հիմնական պատճառը, որ այսօր ազգաբնակչության կեսից ավելին կենտրոնացած է մայրաքաղաքում, իսկ դա լայն իմաստով գերխնդիր է, թեկուզև ռազմաստրատեգիական առումով: Գյուղացի երիտասարդը այլևս չի ուզում ապրել գյուղում, որովհետև գյուղում ոչ մի բան չկա անելու, մանր քաղաքների բնակչությունը նույնպես: Ազգը կամ փախչում է երկրից, կամ մինիմում սկսում է աստիճանաբար կենտրոնանալ մայրաքաղաքում: Պետք է այդ հսկայական միջոցները, որոնք ամեն տարի ծախսվում են մայրաքաղաքի վրա, գոնե մեկ-մեկ ուղղվեն հանրապետության այլ քաղաքային ու գյուղային համայնքներին, որպեսզի գոնե տարրական պայմաններ ապահովվեն մարդկանց բարեկեցության համար, որպեսզի մարդիկ սիրեն ու ամրանան իրենց հողին: Մեկ հրապարակ վերանորոգելուն (որը իմ կարծիքով շատ էլ լավ բարեկարգ է) կարելի է վերանորոգել հանրապետության 3-5 քաղաքների հրապարակներ, որոնք իրոք վերանորոգման կարիք ունեն, եթե իհարկե ունեն հրապարակ: Եվ կապ չունի, թե դա անում են Երևանի քաղաքային միջոցների, թե ամբողջ հանրապետության պետական բյուջեի հաշվին: Այդ պետական բյուջեն հավաքվում է ոչ միայն Երևանից, այլև ամբողջ հանրապետության տարածքից: Ուրեմն մի՛ անտեսեք ՀՀ մյուս քաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել