Մարդկանց մոտ ժամանակի ընթացքի արագության ընկալումը կարող է օգտագործվել նրանց վարքը կառավարելու և ուղղորդելու համար` դառնալով ազդեցիկ ու արդյունավետ հոգեբանական գործիք: Ժամանակը տարբեր արագությամբ է ընթանում մեգապոլիսում և հեռավոր, քաղաքից կտրված ագարակում ապրող մարդկանց համար: Այս դեպքում մենք գործ ունենք ժամանակի ընթացքի իրադարձային հագեցվածության աստիճանի տարբերության ֆենոմենի հետ, որն ունի սոցիալական համատեքստ և կապված է կենսակերպի տարբերությունների հետ: Բնականոն պայմաններում այս երկու մարդկային խմբերի համար ժամանակային հորիզոնները սովորաբար բաց են և ընդգրկուն, նրանք տեսնում են որոշակի ապագայի հեռանկար, որը տարիներով, անգամ տասնամյակներով տեսանելի է` սա ծրագրեր կազմելու իրական կամ երևակայական հնարավորություն է ընձեռում և ժամանակային պաշարի առկայության` այսինքն կյանքի բնականոն ու ապահով ընթացքի վկայություն է: Սա թույլ է տալիս յուրաքանչյուրին գործել առանց վտանգավոր շտապողականության և ավելի կենտրոնանալ ապագայի վրա՝ հաճախ անտեսելով այժմեական ու անցողիկ թվացող հոգսերը: Երբ ժամանակի հորիզոնը հաշվվում է ոչ թե տասնամյակներով կամ տարիներով, այլ` ամիսներով կամ, անգամ, օրերով` արմատապես փոխվում է նաև մարդկանց ընթացիկ վարքագիծը` երբ կորում է ժամանակի հորիզոնը, կորում է նաև հոգատարությունը սեփական ու երկրի ապագայի հանդեպ: Սա ծանր հոգեբանական իրավիճակ է և´ անհատի, և´ ամբողջ հասարակական խավերի համար: Հայաստանում այս իրավիճակում է ողջ հասարակությունը` մենք զրկվել ենք ժամանակի հորիզոնից ու թեև կյանքն այստեղ անհամեմատ ավելի ապահով է, քան շատ այլ երկրներում, մարդիկ լքում են երկիրը: Ժամանակի ներկայիս հոգեբանական ընկալման կերպը մեր առջև ծառացած մեծագույն մարտահրավերներից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել