
Ես կողմ եմ Հանրապետության հրապարակի վերակառուցմանը ու այդ մասին տարբեր առիթներով խոսել եմ կամ գրել:
Խնդիրը ոչ թե ճարտարապետական է, այլ մշակութային: Ավելին, կարծում եմ մրցույթը դեռ պետք է միայն կոնցեպտների (ընդ որում՝ ոչ թե զուտ ճարտարապետական կամ քաղաքաշինական, այլ՝ խնդիրը պետք է ներկայացվի գլխավորապես մշակութային ու սոցիալական փոխազդեցությունների տեսանկյունից) շուրջ լինի, ու մրցութային հանձնաժողովում ճարտարապետներն էլ կեսից պակաս լինեն:
Նորություն չեմ հայտնի, եթե ասեմ՝ ճարտարապետական միջավայրը ինտեգրալ մշակութային ցուցիչ է, իսկ Հանրապետության հրապարակը բոլորովին այլ մշակույթի նշան է... Իրականում մեր հետ առանձնապես կապ չունեցող:
Կասեք՝ մի ի՜նչ մշակույթ ունենք, որ հիմա էլ այն արտահայտվի հրապարակում: Մշակույթ միշտ կա, մենք էլ, եթե բոլորս բոլորի դեմ պատերազմի իրավիճակում չենք, ուրեմն՝ կա: Ընդ որում՝ հիմա մշակութային առումով Հայաստանում շատ դինամիկ մի իրավիճակ է՝ մարդիկ ու խմբերը ստիպված են անընդհատ վերասահմանել իրենց ու իրենց տեղը փոփոխվող աշխարհում: Շուտով մի նյութ կհրապարակեմ, որտեղ հենց այս իրավիճակն եմ դիտում հեղափոխություն (ճիշտ է՝ կարող է քարերով ծեծեք...): Պատվիրատուներն էլ, մշակույթի պարզ սպառողներն էլ, ստեղծագործողներն էլ (ու անգամ ճարտարապետները :) ) դրա կրողներն են:
Խնդիրն այլ տեղ է՝ չկա գաղափարների ու ինֆորմացիայի շրջանառություն, կոմունիկացիաները (սոցիալական հարթությունում և ոչ տեխնիկական) ընդհատվող են, փոքր խմբերի շրջանակից դուրս չեն գալիս ըստ էության, ու ինտեգրալ իդեաների ձևավորումը բարդացած է կամ էլ՝ շատ դանդաղ մի ընթացք է:
Համենայն դեպս, հրապարակի վերակառուցման նախաձեռնությունը կարող է լավ հիմք դառնալ կոմունիկացիաներ հաստատելու համար նաև:
Բայց, ցավոք, վստահ եմ՝ բանավեճը գնալու է՝ մի կողմից «...գողեր, ավազակներ... թույլ չենք տալու...» լոզունգներով և, մյուս կողմից, «մենք սարքում ենք, իսկ դուք միայն խանգարում» լոզունգով... կամ դրա նման մի բան...