Օրերս hetq.am կայքում տպագրված հոդվածին, որտեղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանի անունները կապվում էր «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության հետ, արձագանքել է վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանը՝ նշելով, որ. 

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ առնչություն չունի այդ կազմակերպության հետ, ավելին, երբևէ անձամբ կամ այլ լիազորված մարդու միջոցով չի գրանցել որևէ կազմակերպություն Կիպրոսում կամ աշխարհի որևէ այլ օֆշորում: Բազմաթիվ են փորձերը վարչապետի անունը կապել այս կամ այն բիզնեսի հետ: Հավաստիացնում եմ` դրանք ամբողջությամբ հերյուրանք են: Տիգրան Սարգսյանի սեփականության, ֆինանսական միջոցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է վարչապետի հայտարարագրում: Ձեր կողմից ներկայացված այսպես կոչված փաստաթուղթը կեղծիք է, ինչի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն` դրան իրավական գնահատական տալու և մեղավորներին պատժելու նպատակով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կեղծիքն առանձնապես հաջողված չէ, քանի որ վարչապետի գրանցման հասցեն սխալ է գրված»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել