Հասկանալի պատճառով վերջին ժամանակներս ազգային փոխադրող «Արմավիա»- ի շուրջ մամուլը չի լռում և չի էլ կարող լռել, քանի որ այս ընկերությունը իր ֆորմատի մեջ գրեթե միակն է եղել հանրապետությունում: Այն, որ մեզ մոտ կա մենաշնորհ, դա անմեկնաբանելի է, բայց, երբ մենաշնորհը անվանման մեջ «ազգային փոխադրող» օֆիցիալ «նախաբան» ունի, սա արդեն նրան առանձնացնում է մենաշնորհային հարթության մեջ գտնվող այլ ընկերություններից: Տեսեք, թե ինչ է ստացվում: Փաստորեն տասնյակ տարիներ շարունակ այս ընկերությունը, որը ուներ ազգային փոխադրողի ստատուս, օդային ուղեփոխադրողների հարթության մեջ ոչ մի մրցակից չի ունեցել, նա եղել է միակը և բնականաբար նորմալ գործառույթներ իրականացնելու համար ոչ մի խոչընդոտներ, համենայնդեպս Հայաստանում, նա չի ունեցել: Եվ այսքանից հետո ունենալ այսպիսի «խայտառակ ավարտ» այս ընկերությունը ուղղակի իրավունք չուներ, եթե իհարկե այս ամենը ընկերության՝ ի դեմս Միխայիլ Բաղդասարովի կողմից լավ ծրագրավորված շոու չէ: Ուղղակի անհասկանալի է՝ ո՞նց կարելի է հասնել այսպիսի զավեշտալի իրավիճակի, երբ քո դաշտը ոչ մի այլ նմանատիպ կազմակերպության կողմից զբաղված չէ, երբ շատ անգամ սակագները առանց որևէ հիմնավորման փոխվում էին հօգուտ ընկերությանը, երբ թռիչքի ուղղությունները ճարահատյալ չէին ընտրվում, երբ մի ամբողջ հանրապետություն օգտվում էր միայն այս ընկերության ծառայություններից: 
Երբ կարդացի, թե ինչ է պատասխանել Մ. Բաղդասարովը լրագրողի հետևյալ շեշտադրմանը` «Պարոն Բաղդասարով, ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարել էր, որ պետությունն ու մի շարք այլ պատվիրատուներ դատի են տվել «Արմավիային»», իմ մոտ ցանկություն առաջացավ գոչելու՝ մի րոպե կանգ առեք, պարոն Բաղդասարով, Դուք Ձեզ հաշիվ տալի՞ս եք, թե ինչ եք ասում... Ձեզ եմ ներկայացնում Բաղդասարովի պատասխանը` «Երբ սնանկության մասին է հայտարարվում, բոլորն էլ դատարան են դիմում, որ վաճառքից ինչ–որ բան ստանան։ Դա նորմալ արարողակարգ է, առանց դրա չի կարող լինել սնանկացումը»: 
Հ.Գ. Այս պատասխանը տալուց երևի Բաղդասարովը մոռացել է, որ ինքը դեռ պետք է բացատրություն տա հասարակությանը, թե ինչու՞ ընկերությունը հասավ այն մակարդակի, որ ճարահաատյալ սնանկության մասին հայտարարություն է անում, չէ՞ որ նա, լինելով ազգային փոխադրող, հնարավորինս օգտվել է պետության «բարիքներից», որ իրեն սիրով տրամադրել են իշխանությունները, այն «բարիքներից», որ ժամանակին ստեղծված են եղել նույն ժողովրդի կողմից: Եվ նա պետք է գիտակցի, որ այո՛, նորմալ է, երբ սնանկության մասին է հայտարարվում, բոլորն էլ դատարան են դիմում, բայց դա նորմալ է այլ ընկերությունների պարագայում, ոչ թե իր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել