Բրյուսովի այս լակոնիկ միտքը ինչ-որ պահի արթնանում է յուրաքանչյուրիս մեջ. երբ երազում եմ՝ փորթորկվում եմ...
Ու այդ փոթորկից ծնվում է կամք, հանունի սահմանները էլ ավելի են ընդգծվում, ու ամեն պահի ու քայլափոխի հանդիպող հիասթափության ալիքները սաստվում են, հուսալքության ծիլերը՝ չորանում, նոր շնչով եմ լցվում, նոր մոտեցումներով հարստանում, քարացած սխալներս դնում եմ արխիվի իմ պահարանում ու դառնում նոր մարդ, փոխում եմ առվիս ճանապարհը պղտորվող, սնում եմ նրան արեւի լույսով, բարեւի հույսով ու լյութերքինգյան հաստատուն կամքով նայում եմ շուրջս ու հայտարարում.

ԵՍ ՈՒՆԵՄ ԵՐԱԶԱՆՔ, որ մի օր մենք կունենանք Ազատ, Անկախ ու ամուր ողնաշարով Հայաստան, իրավունքով պաշտպանված քաղաքացի, ժողովրդի կողմից ընտրված ու ժողովրդին ծառայող իշխանություն...

ԵՍ ՈՒՆԵՄ ԵՐԱԶԱՆՔ, որ մի օր Հայաստանն իր իշխանություններով ու քաղաքացիներով չի խոնարհվելու ոչ ամերիկյան, ոչ ռուսական, ոչ էլ անգլիական ուղղահայացներին... Որ Պութինը, արքայազն Չարլզը կամ Օբաման կլինեն ցանկալի հյուրեր կամ դաշնակիցներ, բայց ոչ երբեք ուղղահայացներ ու պատվերներ իջեցնողներ...

ԵՍ ՈՒՆԵՄ ԵՐԱԶԱՆՔ, որ մի օր ՀՀ բանակը կլինի մարտունակ, որտեղ կգործեն բացառապես իրավական հարաբերություններ, ու որի զինվորները չեն սպանվի թշնամու գնդակից կամ խոշտանգվի ու սպանվի հայի կողմից...

ԵՍ ՈՒՆԵՄ ԵՐԱԶԱՆՔ, որ մի օր ռուսական զորքը դուրս կգա ՀՀ սահմաններից, ու մենք այլեւս հույս չենք դնի այլ պետության զինուժի վրա..

ԵՍ ՈՒՆԵՄ ԵՐԱԶԱՆՔ, որ ոչ հեռու ապագայում Արցախը կլինի անկախ ու միջազգային ճանաչում ստացած, որ մի օր ՀՀ Սփյուռքը կդառնա ամուր կապերով մի մեծ ցանց, որի հենքը Հայաստանն է լինելու..

Ես ունեմ մեծ ու փոքր շատ երազանքներ....

ԵՍ ՈՒՆԵՄ ԵՐԱԶԱՆՔ, ու այդ երազանքը Բրյուսովի ասած հավատարիմ կամքս է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել