Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 34 (հանցափորձը), 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 120 հոդվածի (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 01:40-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դեմքի և ճակատի մասերում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Նոր Նորքի ոստիկանապետ Սամվել Խմելյանի, ինչպես նաև քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի, նույն քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Հրաչ Ղազարյանի ու ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ պարզել են, որ հրազենային վնասվածքներ ստացած անձինք Ավանի 7-րդ փողոցի բնակիչներ 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանն է և 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանը: 

Օպերատիվ քննչական խումբը պարզում է, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ավանի 7-րդ փողոցից: Դեպքի վայրում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը հայտնաբերում է որսորդական հրացանից կրակված 2 պարկուճ, արյան հետքեր և արյունոտված սրբիչ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էին 2-րդ բաժանմունքի պետ Հրաչ Ղազարյանը և նույն քննչական բաժնի քննիչ Հակոբ Պետրոսյանը: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները: 

Հանցագործությունը բացահայտելու նպատակով ստեղծվում են օպերատիվ քննչական խմբեր, քանի որ դեպքի վայրում բնակվողները հայտարարում են, որ ոչ մի աղմուկ և կրակոցի ձայն չեն լսել, սակայն ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները մինչև լուսաբաց պարզում են իրականությունը ու Աբովյան քաղաքից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչներ 28-ամյա Գևորգ Հակոբյանին և 25-ամյա Հովիկ Հակոբյանին: Սկզբում եղբայրները հերքում էին, որ իրենք եղել են նշված փողոցում, սակայն հետո՝ փաստերի ճնշման տակ, խոստովանում են, ու Նոր Նորքի քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Հակոբյանը ներկայացնում է նաև որսորդական հրացանը, որով կրակոցներ էր արձակել վիրավորների ուղությամբ: 

Գ. Հակոբյանը Նոր Նորքի ոստիկաններին է ներկայացրել արդեն որսորդական հրացանը, որը նա թաքցրել էր Նոր Նորքի վարչական շրջանում ապրող իր աներոջը պատկանող Սաֆարյան 16 շենքի դիմացի ավտոտնակում: 

Քննիչ Հ. Պետրոսյանի կողմից հրացանն առգրավվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով, Հովիկ Հակոբյանը աշխատում է «Գոլդեն Գլաս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Գևորգ Հակոբյանը՝ «Կլեոպատրա» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, ինչպես նաև՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի՝ Երևանի քիմիադեղական գործարանի գլխավոր հաշվապահ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ընկերությունները պատկանում են Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Գ. Շամշյանը հայտնում է, որ հնարավոր է՝ քննության ընթացքում քրեական հոդվածները վերաորակվեն, անգամ հարուցվի քր.գործ՝ 2 և ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հանցագործությունը ծագել է կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վեճի պատճառով: 

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են նաև Hyundai Sonata մակնիշի 22 PP 303 համարանիշի և Лада Приора մակնիշի 303 PP 22 համարանիշի ավտոմեքենաները, որոնք տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

---
12.06


Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ նշված փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերաորակվել է 34-104 հոդվածի (հանցափորձ. սպանությունը) հատկանիշներով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել