
Մշտապես հասարակական քննարկումների կիզակետում գտնվող մեր բանակի մասին կարծիքները շատ դեպքերում ծայրահեղական են՝ մի դեպքում տոտալ փառաբանում, մյուս դեպքում՝ նույնչափ փնովում…
Իմ կարծիքով մեր բանակը պետք է ունենա իր տեսլականը: Միայն թշնամու նկատմամբ ատելության զգացում սերմանելու «քաղաքականությունը» հեռուն տանող ճանապարհ չէ:
Հայ զինվորը պետք է նախ և առաջ հաղթի իր առաքինությամբ, իր բարությամբ, թույլի հանդեպ ըմբռնումով մոտենալու կարողությամբ: Բանակին շարժող, առաջ քաշող ուժը առաքինության, բարության, հայրենատիրության, պետականության ընկալման գաղափարն է:
Իդեալ չունեցող բանակները վերջնահաշվում վերածվելու են սոսկ համազգեստավոր զորախմբերի:
Բանակը նաև պետք է ունենա իր ՀԵՐՈՍԸ և ՀԱԿԱՀԵՐՈՍԸ:
Յուրաքանչյուր զինծառայողի համար պետք է պարզ ու տեսանելի լինի, թե ինքն ում կերպարով, նրա որ արժեքային համակարգով է առաջնորդվում, դաստիարակվում: Թե կուզեք, հայ զինվորը պետք է իմանա նաև, թե ում պետք չէ ընդօրինակել: