
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ։
Համապատասխան տեղեկությունը տեղադրված է քաղաքապետարանի կայքում։
Համաձայն պայմանների, «դիմողները պետք է հաշվի առնեն, որ հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով, հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձեւավորվել հրապարակի շուրջ՝ էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության եւ դոմինանտության կարեւոր պայմանները, հրապարակը ձեւավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են, կառուցվել է երկու կարեւորագույն հրապարակների միջեւ հետիոտն կապ հանդիսացող Հյուսիսային պողոտան, ի վերջո՝ Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության համազգային, համապետական եւ համաքաղաքային միջոցառումների իրականացման կարեւորագույն հարթակ, Լենինի արձանի եւ դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում ունի որոշակի դժվարություններ, զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում»։ «Մրցույթի արդյունքների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության կարժանանան հատկապես այն առաջարկությունները, որոնք հիմնավորված կլինեն մայրաքաղաքի կենտրոնի քաղաքաշինական առկա իրադրության համակողմանի վերլուծությամբ եւ այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջարկեն հրապարակի ու հարող տարածքների վերակառուցման, ծավալատարածական հորինվածքների զարգացման, ներդաշնակացման, ճարտարապետական միասնության ապահովման խնդիրներում», – նշվում է հայտարարության մեջ։