Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում երեկ կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բացակայությունը չի կարելի շահարկել. Tert.am-ի հարցին ի պատասխան այսօր ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Միայն ՀՀ նախագահը չէր, որ չէր մասնակցել, որը չի կարելի շահարկել, քանի որ մեր պետական միջոցառմանն էր մասնակցում, Հայաստանի Առաջին Հանրապետության 95-րդ տարեդարձին»,- ասաց նա։


Նախարարը նշեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում մայիսի 27-ին և 28-ին անցկացված Պաշտպանության նախարարների և Անվտանգության քարտուղարների խորհրդի նիստերին հայկական կողմը մասնակցել է։ «Քննարկվող հարցերը, որ արդեն հավանության էին արժանացել, քննարկվել էին, և նաև Հայաստանում միջգերատեսչական համաձայնության էինք եկել, բոլորը ընդունվեցին»,- ասաց նա։


Սեյրան Օհանյանը նշեց, որ ընդհանրապես, ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող բոլոր զորավարժություններին հայկական կողմը մասնակցում է բարձր մակարդակով։ «Դա կվերաբերի արագ արձագանքման հավաքական ուժերին, թե խաղաղապահ ոլորտում իրականացվող զորավարժություններին, մենք մասնակցում ենք, ընդ որում ներկայանում ենք բավական բարձր մակարդակով։


Նշենք, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական միություն է, ստեղծվել է 1992թ.-ին, որի անդամ երկրներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։ Մայիսի 28-ի ՀԱՊԿ գագաթնաժողովի հանդիպմանը ներկա չեն եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Նշենք, որ Սարգսյանի և Լուկաշենկոյի բացակայությանն է անդրադարձել ռուսական «Կոմերսանտ» (Коммерсантъ) պարբերականը՝ փորձելով պարզել, թե ինչով էր պայմանավորված բացակայությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել