
Արթուր Սաքունցի կողմից 22.05.2013թ. «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում հնչեցված այն պնդմանը, թե ՀՀ ՊՆ-ին խոզի մսի մատակարարման մրցույթը հաղթել է զինդատախազի հետ առնչություն ունեցող կազմակերպություն, պատասխանում են: Այս հարցով արդեն մի քանի անգամ է մեզ դիմում են տարբեր լրատվամիջոցներ: Նման շահարկումներ պարբերաբար տեղ են գտնում մատակարարման մրցույթների անցկացման ժամանակ: ՀՀ ՊՆ կարիքների համար խոզի մսի 2013թ. մատակարարման մրցույթը անցկացվել է գնումների մասին օրենսդրության համաձայն: Նշված մրցույթին մասնակցելու համար գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից որակավորված թվով 274 կազմակերպության ուղարկվել է գնային առաջարկ ներկայացնելու հարցում, որին արձագանքել են և գնային առաջարկ են ներկայացրել 9 կազմակերպություն: Գնահատող հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել ամենաէժան գին առաջարկած «Էլիտ կապիտալ» ՍՊԸ կազմակերպությունը, որի հետ կնքվել է մատակարարման պայմանագիր: Այդ ընկերությունը որևիցե պաշտոնյայի հետ մեր տեղեկություններով կապ չունի:
Ինչ վերաբերում է պարոն Ա.Սաքունցի պնդմանը, ապա իր նշած տեսակետը համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով (պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ) սահմանված արարքներին, ուստի հորդորում ենք նրան իր մոտ նման փաստերի առկայության դեպքում դիմել իրավապահ մարմիններին: