
ՀՀ-ՌԴ հարաբերություններում «(партнер) գործընկեր» բառը կամաց-կամաց կորցնում է իր ակտուալությունը, իր առողջ տրամաբանությունը, իսկ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ մենք ոչ մի շոշափելի օգնություն, բացի աճող անհարմարություններից, այլևս չենք ստանում ՌԴ-ից: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ-ն ինչ-որ մի բանից լքված ամեն ինչ անում է, որպեսզի մեր հարաբերությունները վատթարանան, բայց դա արվի այնպիսի ֆորմատով, որ հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառը լինի հենց հայկական կողմը:
Ի՞նչ է նշանակում ծայրաստիճան աղքատ երկրին տրամադրվող գազը թանկացնել այն աստիճան, որ նույնիսկ անսահման ցանկության դեպքում հնարավոր չլինի խուսափել կատաստրոֆիկ թանկացումներից բոլոր ապրանքատեսակների հարթության մեջ, տրանսպորտային ծառայությունների մասին էլ չենք խոսում: Թե՞ ՌԴ-ի տնտեսական և քաղաքական վերլուծաբանները չեն գիտակցում, որ առանց այն էլ քանդված էկոնոմիկայով Հայաստանում գազի թանկացումը բերելու է երկրի աննախադեպ տնտեսական անկման:
Վերջիվերջո լինել գործընկեր դա նշանակում է գնալ որոշակի զոհաբերությունների, ինչպես դա միշտ արել և անում է Հայաստանը միջազգային մակարդակի որոշումներ ընդունելու ժամանակ: Ինձ թվում է՝ հարկ չկա հիշեցնելու, թե քանի անգամ Հայաստանը զսպվածություն է ցուցաբերել եվրոպական հեռանկարային պրոյեկտների նկատմամբ, քանի որ մեր ռուսաստանյան գործընկերը այդ պրոյեկտների նկատմամբ ինչ-որ վերապահումներ ունի:
Հաշվի առնելով այս ամենը՝ ես այն կարծիքին եմ հանգում, որ Հայաստանի՝ ի դեմս Սերժ Սարգսյանի չմասնակցությունը ՀԱՊԿ գագաթնաժողովին շատ ճիշտ էր և տեղին (և ամենևին էլ կարևոր չէ, թե ինչ պատճառ է բռնել Սերժ Սարգսյանը չգնալով գագաթնաժողովին): Ժամանակն է եկել, որպեսզի բոլորը այդ թվում և Ռուսաստանը հասկանան, որ դա չի նշանակում, որ մենք շրջապատված ենք թշնամիներով, գտնվում ենք բլոկադայի մեջ, չունենք էներգոռեսուրսներ և ընդհանրապես չունենք շոշափելի այլ ռեսուրսներ, մենք պետք է կորցնենք մեր «թասիբը»: Քանզի եթե մենք այդ էլ կորցրեցինք, մեր հետ առաջինը Ռուսաստանը ընդհանրապես հաշվի չի նստի և իրեն կթվա, որ իր ռազմակայանները, որ տեղադրված են մեզ մոտ, այդպես էլ պետք է լիներ, և դրա դիմաց ինքը պարտավոր չի զոհաբերել ոչնչով: Չէ՛, եղբայրներ, այդպես չի լինում, եթե գործընկեր եք, ապա բարի եղեք այդ բառի իմաստը չաղավաղել: