Հարգելի ծանոթ-անծանոթներ, արքայազն Չարլզից բամբասող, Կուրղինյանի այցից անհանգստացած, գրանտ շահած մարդկանցից վառված, լայքեր ապահովող կայքերի տեղադրած ինքնասպանության նյութերից ցնցված, «Արմավիայից» տուժած ու գյուղատնտեսությունից հասկացող իմ ընկերներ.
Խնդրում եմ՝ մի քիչ խիղճ ունեցեք…
Ասում են՝ իշխանությունն ու ընդդիմությունը ամուսիններ են, մեկ հաշտ ու համերաշխ են, մեկ՝ վիճած ու պառակտված: 
Մեր իրականությունում երկուսն էլ իրար արժեն. երկուսն էլ սուտ խոստումներ են տալիս, երկուսի համար էլ մեկ է, թե ինչ կլինի մեզ հետ: Կարևորը՝ կարողանան մատնանշել դիմացինի վատ կողմերն ու առաջին տեղում լինեն: 
Եթե ցանկանամ, ապա կարող եմ իշխանության ներկայացուցիչներին գովերգելու 99 համոզիչ տարբերակ գտնել և 99 պատճառ՝ ընդդիմության ներկայացուցիչներին փնովելու համար: Կամ՝ հակառակը: Ցանկացած մեկն էլ, ով պաշտոն ստանա, պիտի սկսի համոզել, որ երկրում ամեն ինչ լավ է, տնտեսական աճ կա, ու ցավոք գիտենք, որ դա հնարավոր կլինի ինչ-որ թվերով փաստել: Բա խի՞ղճը… 
Երբ Արմավիրի մարզում վարչապետ Տիգրան Սարգսյանը մտավ մի գյուղացու տուն, ծանոթացավ նրա ընտանիքի հոգսերին, երեխաների հետ զրուցեց, անկեղծ ասած՝ հուզվեցի: Դա շուտ պետք է աներ, որ հասկանար, թե իրականում որտեղ է ապրում, ինչ խնդիրներ ունի գյուղացին: Վարչապետի արածը լավ չէր, նորմալ էր, այդպես պիտի լիներ… 
Արհեստական, արհեստածին ու արհեստամետ (ինչ էլ անիմաստ բառեր եմ գտել) բառեր ասող ու գրող ընկերներ ջան, հերիք է բարոյախրատական դասեր տաք արտագաղթող մարդկանց ու ազգի թշնամի կոչեք:
Եթե իմ հայրը միշտ արտագնա աշխատանքի է մեկնում, եթե հողագործությունը պատուհաս է դարձել մեր ընտանիքի համար, եթե աշխատանքից ստիպված դուրս եմ եկել, քանի որ աշխատավարձս չի հերիքում վարձերս փակելու համար, ապա դա նորմա՞լ է: Նորմա՞լ է, որ ընտանիքի գլխավորը Հայաստանում չէ պարզ պատճառներով, է՞լ ընտանիք կմնա…
Մի բան եմ միայն խնդրում՝ ազնիվ լինենք, ապրենք խղճի թելադրանքով, պարզ ճակատով, համենայնդեպս՝ ես այդպես եմ ապրում:
Հետ նայեք ու տեսեք, թե ինչ եք գրել, ում եք ծաղրել, ինչքան եք չարացել, համոզվա՞ծ եք, որ ճիշտ եք, եթե դուք լինեիք այդ պաշտոնյայի կամ գործարարի տեղը, ինչե՞ր կանեիք: Ստեղծված իրադրությունից դուրս գալու և մեր իրավունքների համար պայքարելու համար ամենաքիչը 99 տարբերակ կա, ինչի՞ ենք ընտրում ամենաանարդյունավետը: Պատահական չի, որ սկիզբն այդպես սկսեցի, որ չարությամբ լցված մարդիկ կարդան:
Ատելությունն ամենամեծ չարիքն է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել