
![]() |
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Լեւոն Խեչոյան` արձակագիր, պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով: Լավ է արել, գուցե արժանի՞ է...
Այս հարգելի պարոնն էլ վերցրել, դեմարշ է արել, հրաժարվել է պետական պարգեւից…
Ինչ է ստացվում, 2000 թվականին, երբ իր «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական` «Ոսկե եղեգն» մրցանակի, այդ ժամանակ կարող էր վերցնել պարգեւը: Այդ ժամանակ կյանքն ուրախ էր, ապրուստը՝ ձրի…Այն ժամանակ պրոբլեմներ չկային, արտագաղթ չկար, իր եղբայր ազատամարտիկներն էլ սոցիալական արտակարգ պայմաններ ունեին…
Է՜ գրողներ, գրողների միություն, արձակագիրներ, բանաստեղծներ…
Ինձ թվում է՝ նրանք նույնպես մեր ներկայիս շոուբիզնեսի վիճակում են, նույն «աստղերի» կարգավիճակում, բացառությամբ երեւի մի չորս-հինգ հոգու…
Ինչպես Լ. Խեչոյանն է նշում. «…արվեստի գործը տարածության մեջ բնազդով է ընկալվում»: Համաձայն եմ նրա հետ, շատ ճիշտ է, սակայն այդ ընկալումը ես եւ երեւի շատ-շատ քաղաքացիներ չենք ունեցել, ուստի չեմ կարող որպես գրողի նրա վերաբերյալ կարծիք հայտնել… Բայց խոստանում եմ առաջիկայում անպայման կարդալ նրա ստեղծագործությունները եւ ուրախ կլինեմ, եթե ես որպես ՀՀ քաղաքացի, որպես շարքային ընթերցող համոզվեմ, որ նա տաղանդաշատ է, արժանի այդ պարգեւին…
Սակայն, ամեն դեպքում դեմարշը ստացվեց, նրա գործերը բնազդորեն չընկալածները արդեն առարկայական կկարդան, արդեն իմացան արձակագիր Լ. Խեչոյանի մասին, ճանաչեցին եւ ինձ նման կփորձեն կարդալ նրա գրքերը:
Ես արդի ժամանակաշրջանի շատ տաղանդաշատ գրողների չեմ ճանաչում, սակայն ժամանակին ես եւ իմ հասակակիցները իրոք բնազդորեն ընկալել, կարդացել, հիացել, ճանաչել եւ երկրպագել ենք Հովհաննես Շիրազին, Պարույր Սեւակին, Համո Սահյանին, Սիլվա Կապուտիկյանին, Վահագն Դավթյանին, Մուշեղ Գալշոյանին… Չշարունակեմ, որովհետեւ նրանք շատ են, շատ-շատ են, նրանք իրոք գրողներ էին, եւ նրանց ժամանակակիցները ճանաչում էին եւ կարդում նրանց ստեղծագործությունները, կարդում հիացմունքով…
Այ այսպիսի «հնացած», նախորդ դարի գրականությամբ հիացած, ներկան չընկալողի, չտեսնողի կարծիք պետական պարգեւից հրաժարված, այդ արարքով ավելի հայտնի դարձած գրողի վերաբերյալ…