
![]() |
Քաղաքական մեկնաբան |
Հայազգի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի հայտարարությունները, ինչպես և սպասվում էր, Հայաստանում ոչ միանշանակ ընդունվեցին: Իհարկե, խնդիրը նրանում չէր, որ Ռուսաստանից նմանատիպ «մեսիջներ» առաջին անգամ էին հնչում, ուղղակի իրավիճակին առավել սուր ընթացք հաղորդեց այն փաստը, որ «Կրեմլին առանձնահատուկ մոտ գտնվող» քաղաքագետը արմատներով հայ է:
Սակայն Կրեմլի, Բրյուսելի, Վաշինգթոնի մեսիջները հստակ ընկալելու ու վերլուծելու համար անհրաժեշտ է առավելագույնս զերծ մնալ էմոցիոնալ պոռթկումներից և մեկընդմիշտ ի գիտություն ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ ՌԴ-ն, և՛ ԵՄ-ն աշխարհում, և մասնավորապես մեր տարածաշրջանում առաջնորդվում են բացառապես սեփական շահերով:
Հայաստանը, աշխարհագրորեն գտնվելով բավականին բարդ դիրքում, երբ հարակից 2 պետությունների հետ սահմանները փակ են (Ադրբեջանի հետ պատերազմը դժվար է ավարտված համարել), երրորդ հարևանը՝ Իրանը, միջազգային պատժամիջոցների է ենթարկվում, իսկ Վրաստանը, օգտվելով իրավիճակից, փորձում է առավելագույնս «պոկել» Հայաստանից, պարտավոր է գործել մաքսիմալ կշռադատված՝ ցանկացած քայլ անելուց առաջ խորքային վերլուծության ենթարկելով բոլոր հնարավոր հետևանքները:
Լրատվամիջոցներում և մասնավորապես սոցիալական ցանցերում արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին վերաբերող քննարկումների հիմնական եզրահանգումներից մեկը հետևյալն է. հասարակության ճնշող մեծամասնությունը իրադարձությունները հիմնականում մակերսային մակարդակում է քննարկում՝ շատ ժամանակ հաշվի չառնելով տվյալ իրադարձության հետ անմիջականորեն առնչվող գործոններն ու նրբերանգները: