
Շարունակում եմ հակա-Եվրոպայի հետ ասոցացման ցիկլը: Էսօր էլ կպատմեմ ձեզ, թե ինչ զուլում է դա ենթադրում տնտեսական առումով, որովհետև ասոցացման ձրի ու ոչ էնքան ձրի ադվակատների հիմնական փաստարկը ի օգուտ ասոցացման կայանում է նրանում, որ ազատ առևտրի գոտի է լինելու ԵՄ-ի և Հայաստանի միջև, այսինքն՝ մաքսային տուրքեր չեն լինելու, երբ Եվրոպայից ապրանք գա Հայաստան և հակառակը ու հենվելով այս փաստարկի վրա, ասում են, որ մեր էքսպորտը կաճի...
Հարց չկա, կարճաժամկետ հեռանկարում արտահանումից ստացվող եկամուտները կավելանան, բայց կարճաժամկետ հեռանկարով նման ռազմավարական որոշումներ չեն կայացնում, եկեք հասկանանք, թե ի՞նչ կարելի է ակնկալել երկարաժամկետ հեռանկարում.
- Նախ, եկեք չմոռանանք, որ ԵՄ արտահանվող հայկական ապրանքը իրենից հիմնականում ներկայացնում է հանքային արդյունաբերության և գյուղատնտեսության հետ կապված ապրանքներ՝ հանքանյութեր, պահածոներ ու բնական հյութեր, սննդամթերք և այլն: Ընդ որում, շուկայի այս սեգմենտում, կարելի է ասել, ունենք գերհագեցվածություն, իսկ այլ ոլորտներում, կարելի է ասել, չկա այդպիսի ապրանք, որ հնարավոր լինի մրցունակ պայմաններով արտահանել:
- Տնտեսագիտության մեջ կան երկու հասկացութոյւններ՝ էքսպանսիա և դեմփինգ: Ընդ որում, տնտեսագիտության կապիտալիստական մոդելի տրամաբանությունից հենց բխում է, որ ավելի ուժեղը փորձում է հնարավորինս մեծացնելով իր շուկան ունենալ հնարավորինս շատ եկամուտ, և միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում հավելյալ շահույթ ունենալու ու նոր շուկա գրավելու համար հազվադեպ չի, երբ դիմում են անազնիվ մեթոդների, այդ թվում նաև դեմփինգի:
Մենք դեմփինգի դասական մոդելի ականատես եղանք երկու տարի առաջ՝ ձվի շուկայում: Եթե հիշում եք, սրանից մի քանի տարի առաջ կային մի քանի թռչնաբուծական ֆաբրիկաներ և ընկերություններ, ովքեր շուկային ձու էին մատակարարում: Հետո մենք ականատես եղանք, որ ձվի գները կտրուկ անկում ապրեցին, և մի քանի ամիս շարունակ մարդիկ կարողանում էին խանութներից ձու առնել ինքնարժեքից ցածր կամ ինքնարժեքին մոտ գներով: Արդյունքում, մի քանի ամսվա մեջ նման մրցակցության պայմաններին չդիմանալով, շուկայից դուրս եկան բոլոր մանր ու միջին ընկերությունները, ինչից հետո ձվի շուկան բաժանվեց 2 ընկերությունների միջև, և միանգամից ձվի գինը անգամներով բարձրացավ և այժմ մենք նույն այն ձուն, որ գնում էինք հատը 11 դրամով, կարող ենք գնել ոչ պակաս, քան 30-35 դրամով...
Հիմա պատկերացնենք ավելի մեծ մասշտաբի մոդել, որտեղ ոչ միայն ձվի շուկան է ներառվում, այլ ամեն ոլորտ, որտեղ ներգրավված են տեղական արտադրողներ: Ի՞նչ եք կարծում, եվրոպական գիգանտ ընկերությունների համար այդքսն մեծ խնդի՞ր կլինի զանգվածային դեմփինգ կազմակերպել Հայաստանի 2.5 միլիոնանոց շուկայում՝ հատկապես գրեթե 0-ական մաքսային տուրքերի պարագայում... Վստահաբար ոչ. մի քանի ամիս նման ընկերությունները կհեղեղեն ինքնարժեքից էլ էժան ապրանքներով, մի քանի ամիս կկրեն իրենց մասշտաբների համար չնչին վնասներ, հետո կուլ կտան բոլոր տեղական արտադրողերին, հատկապես փոքր ու միջին բիզնեսի ու գները կթռցնեն:
Արդյունքում մենք կունենանք տնտեսության վրացական մոդելի պես մի բան, կդառնանք լիարժեք տնտեսական գաղութ ու տոտալ կախվածության մեջ կլինենք ԵՄ-ից, և սովից չմեռնելու միակ հույսը կլինեն ԵՄ-ի դրամաշնորհներն ու վարկերը, որոնք գեղեցիկ աչքերի համար ոչ ոքի չեն տրվում...
Փոխարենը, մեր չինովնիկները կկարողանան ավելի շատ գործուղումների գնալ Եվրոպա, «Եվրոնյուզով» մեզ կգովան ու կասեն, որ մենք իսկական եվրոպացի ենք, մեկ էլ մարշրուտկի փողը պրոբլեմով ճարող բնակչությանը հնարավորություն կտրվի ավելի հեշտ տուրիստական վիզաներ ստանալ, որ մի 50 տարվա մարշուտկի փողը հետ գցելով՝ ավելի դյուրին կարողանան գնալ Էյֆելյան աշտարակ տեսնելու...