Երևանի նախկին փոխոստիկանապետ

Կարկտահարությունից տուժած արմավիրցիների խնդիրը իմ կարծիքով այնքան էլ պարզորոշ ու միանշանակ չէ, ինչպես կարծում են ոմանք…
Ինչ խոսք, պրոբլեմը կա, այն պետք է լուծվի եւ այն կառավարության, հանրության ուշադրության կենտրոնում է: Սակայն կան նաեւ այլ խորքային, նեգատիվ, չստուգված, բայց կարծես թե ուշադրության արժանի ու մտահոգող խնդիրներ, որոնք եւս պետք է ուսումնասիրել եւ հաշվի առնել: Մշտապես մեղադրում են, որ քաղաքաբնակը չի օգնում գյուղացուն, գյուղացին մենակ է… Լավ, քաղաքաբնակը ի՞նչ անի, կարծես թե միշտ նման դեպքերում լավ, թե վատ օգնում է: Սակայն, երբ տարերային աղետներ չկան, ամեն ինչ բարեհաջող է, գյուղատնտեսությամբ զբաղվողները, մեծ հողակտորներ ունեցողները քաղաքաբնակին միայն հիշում են, երբ գյուղմթերքը «կատաղած» գներով վաճառում են նրան… Ինչեւէ, դա հարցի բարոյական հարթությունից…
Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ այդ վարկ վերցրած հողատերերից, գյուղացիներից շատերը ամենեւին էլ այն նպատակային չեն օգտագործել: Այն օգտագործել են հարսանիքի, շինարարության, ավտոմեքենա, կահույք կամ այլ թանկարժեք գնումներ կատարելու համար: Ընդ որում, ամենաշատ գոռացողները կամ գոնե գոռացողների երեւի թե կեսը հենց այդ կարգի մարդիկ են, որոնք ուզում են հայավարի կրկին օգտվել առիթից…
Մյուս մտահոգող խնդիրը օգնությունների բաշխումն է: Եթե այն թողեցին մարզային, համայնքային ղեկավարների հույսին, ապա ես համոզված եմ, որ նրանք առաջինը բաժանելու են իրենց ծանոթներին, հարազատներին, բարեկամներին, ընթացքում «բարեկամացող», «ընկերացողներին»… Ընդ որում, մասնաբաժին են հանելու ուռճացված, կեղծ իրականությունից հեռու հաշվարկներով, առանց իրավիճակի օբյեկտիվ գնահատման… Գրեթե համոզված եմ, ավելին քան համոզված եմ… Իսկ իրական տուժողները կրկին տուժելու են…
Այս ուղղությամբ կառավարությունը լրջորեն պետք է մտածի, մշակի վերահսկողության թափանցիկ, գործող, անկաշառ մեխանիզմ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել