Գիտենք, որ Եվրամիությունը Կովկասում ունի շահեր, իսկ այդ շահերի հավաքական անվանումն է էներգետիկա և տրանսպորտ (գազ, նավթ, տրանզիտ): Հետո նոր մնացած մանր-մունր շահերը: Էներգետիկայից հետո գալիս է դրա հավելյալ շահը` անվտանգությունն ու կայունությունը (ԼՂՀ, Աբխազիա, Հվ. Օսեթիա): Դա էլ գիտենք: Իսկ դրանից այն կողմ ոչինչ չգիտենք: Հա, մեկ էլ ձեռի հետ գիտենք, որ Եվրամիությանը շահեկան է պոկել Կովկասը ռուսական ազդեցությունից: Բայց թե ինչո՞ւ, ավելին չգիտենք, քան այն, որ դա ևս տեղավորվում է էներգետիկ շահերի կոնտեքստում: Այս ամենում մոռանում ենք մի շատ կարևոր բան: Եվրամիության համար առանձին վերցրած Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը էական նշանակություն չունեն: Էական են այնքանով, որքանով նրանք Հարավային Կովկաս են, միջազգային էներգետիկ և տրանսպորտային հանգույցի կարևորագույն մաս և նաև որպես ռուսական ազդեցության գոտի: Այս գործոնները փոխկապակցված են: Դրանցից մեկը առանց մյուսի էական չէ: Հիմա այս համատեքստում թե որքանո՞վ ենք հետաքրքիր Եվրամիությանը Հարավային Կովկասից դուրս, և որքանո՞վ է իրական առանձին ինտեգրումը Եվրամիությանը, հարցեր են, որոնց պատասխանները ոչ միայն չկան, այլև չեն էլ բարձրաձայնվում ու քննարկվում: Գուցե դա նրանից է, որ պատասխանն ակնհա՞յտ է: Որքանո՞վ ենք հետաքրքիր ու կարևոր Եվրամիության համար ռուսական ազդեցությունից դուրս, ՀԱՊԿ-ից դուրս, ԼՂ խնդրի իրավատեր լինելուց դուրս (քանի որ դա այն խնդիրն է, որը կարող է վտանգ լինել թե ռուսական ազդեցության, թե եվրոպական պրոյեկտների համար): Այս հարցերին քանի դեռ չունենք պատասխան, Եվրամիություն ընտրելն ու չընտրելու հարցը անիմաստ է, այն էլ ի հակադրություն եվրասիական ուղղության: Այսօր Եվրամիության հետ ունենք շատ մասնավոր, կոնկրետ համագործակցություն, որն իհարկե ծանրաբեռնված է համալիր փաթեթով (մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և այլն), բայց այդ ամենն ընդամենը շղարշ է: Դե ֆակտո ունենք պարզապես տնտեսական համագործակցություն, որում գերակշռում է իրավական մահակը: Ունենք օրինակը, թե ինչպես առանձին վերցրած պետությունը Հարավային Կովկասից դուրս չի կարող Եվրամիության համար ունենալ այնպիսի նշանակություն, որքան կարծում են: Վրաստանը: Այդ երկիրը ոչ միայն պոկվեց ռուսական ազդեցությունից, այլև պատերազմեց Ռուսաստանի հետ: Միանշանակ վերցրեց Եվրամիության և ՆԱՏՕ-ի կուրսը: Հիմա նա որտե՞ղ է: Այո, հիմա նա փորձում է կարգավորել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա չգնաց Եվրամիության հետ հարաբերությունների ավելի մերձեցում, քան, օրինակ, Հայաստանը: Նա, իհարկե, ստացավ մեծ ֆինանսական դիվիդենտներ, բայց ոչ ավելին: Ընդ որում, Վրաստանը ավելի շահեկան է վիճակում է, ունի ծովային սահման Եվրամիության հետ: Բայց նա ավելիին չհասավ: Քանի որ ավելին չի ուզում հենց Եվրամիությունը, ուզի էլ՝ ի վիճակի չէ դեռ, նրան կարող է հետաքրքրել ամբողջ փաթեթը` Հարավային Կովկասը: Հարավկովկասյան երկրներից մեկը չգնա այդ ուղով, ուրեմն Եվրամիությունը չունի հետաքրքրություն, քան պարզապես երկկողմ հարաբերությունների սովորական զարգացումն է: Հետևաբար, այդ իբր լուրջ հարցադրումը` Եվրամիություն, թե Եվրասիական միություն, առավել քան ուռճացված է այսօր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել