Ամուլսարում բրիտանական վտանգավոր ներդրումները կանխելու նպատակով, ինչպես և նախատեսվում էր, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամներն արդեն Մատենադարանի առջև են՝ դիմավորելու Ուելսի իշխան, արքայազն Չարլզին: Նրանք արքայազնին դիմավորում են՝ «Բնապահպան Չարլզ, միացե՛ք Հայաստանի բնապահպաններին» ցուցապաստառով։


Նշենք, որ բնապահպաններն արքայազնին արդեն իսկ բաց նամակ են հղել՝ հանքարդյունաբերության հետ կապված բնապահպանական խնդիրներին ծանոթացնելու համար: 

Բնապահպաններին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները փորձում են համոզել Մատենադարանի առջևից հեռանալ և ցույցը շարունակել ներքևում, սակայն ակտիվիստները չեն հեռանում:


Ակտիվիստներից Աննա Կաղինյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ արքայազն Չարլզը այստեղ է մասնակցելու Ամուլսարի ոսկու հանքի բացմանը, որը, ըստ նրա, մտադիր է շահագործել անգլիական «Lydian International» ընկերությունը: Սա ենթադրություն է, քանի որ ոսկու հանք այցելությունը կազմակերպում է Արմեն Սարգսյանը, ով վերջերս «Lydian International»-ի տնօրենների խորհրդում պաշտոն է ստանձնել:


Մինչև արքայազնի այցը բնապահպաններին է մոտեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, ում փոխանցել են նախապես պատրաստված նամակը: Դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը նշել է, որ իրենք, անպայման, հետամուտ կլինեն բնապահպանների բարձրացրած խնդիրներին: «Այնպես չէ, որ արքայազնը անմիջապես չի կարող մոտենալ ակտիվիստներին, բայց իր անձնական օգնականը անպայման կմոտենա»,- ասաց դեսպանը:


Այս պահին ակտիվիստները սպասում են, որ իրենց կմոտենա գոնե Չարլզի անձնական օգնականը: Նշենք, որ ներկաների մի մասը պնդում է, որ արքայազն Չարլզը Մատենադարան է մտել հետնամուտքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել