Հետաքրքիր է, երբ ռուսները և ռուսամետները շեշտում են Ռուսաստանի՝ Հայաստանին օգնության մասին` թե՛ տնտեսական և թե՛ ռազմական: Ռուսաստանը միշտ, կրկնում եմ, ՄԻՇՏ Հայաստանի հետ իր հարաբերություններում ուղղորդվել է մի սկզբունքով, թե ինչ է իրեն` Ռուսաստանի կայսրությանն օգուտ: Ինչը բնականաբար նորմալ է նման կայսրության համար: Իսկ մեր սերը և ռոմանտիկ վերաբերմունքը մեծ եղբոր նկատմամբ, մեղմ ասած, ամոթալի է: Ռուսաստանը Արցախյան պատերազմում գուցե և ինչ-որ հարցում օգնել է մեզ, ճիշտ այնպես, ինչպես պատմության ընթացքում ԱՄՆ-ն կամ Գերմանիան օգնել է Ռուսաստանին տարբեր պատերազմների ժամանակ, բայց լինեն դա ռուսացած կուրղինյանները կամ որևէ այլ մեկը, թող հիշեն ու իմանան, որ պատերազմը հաղթել ենք մենք, մեր տղերքը ու իրենք այդ հաղթանակում փայ չունեն, և կապը այնքանով է, որքանով այդ պահին իրենց շահավետ է եղել նման դիրք ունենալը: Վերջ ի վերջո, բա ի՞նչ պետք է անեին: Կարո՞ղ է այդ խնդիրը իրենց ձեռքով սարքած խնդիր չէր: Մի վաճառեք մեզ վրա ձեր ռուսական շահերը, ինչ արել եք, արել եք ձեր կայսրության շահի համար, ու եթե վաղը հնարավորություն լինի մեզ թանկով վաճառել, մի պահ անգամ չեք հապաղի դա անել, ինչպես բազմիցս եղել է հին և նոր պատմության ընթացքում: Նման քաղաքականությունը շատ արագ կբերի հակառուսական տրամադրությունների աճին, իսկ ինչպես ասում է ռուսական ասացվածքը` «Свято место пусто не бывает», այն էլ մեր տարածաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել