Հաճելի բան չէ, երբ երկրիդ ընդդիմությունը դասական ձևակերպմամբ իմպոտենտ է: Էլ ավելի տհաճ է, երբ իշխանության գալու կամ երկրում փոփոխություններ իրականացնելու ծրագրի կատարյալ բացակայության պայմաններում հեղափոխականի շապիկ հագած պսևդոընդդիմադիր ակտիվիստները սկսում են սրտի հերսերից չեղած տեղերում խնդիրներ ու սկանդալներ փնտրել ու այդ մտացածին սենսացիաները ներկայացնել այնպիսի ողբերգական դեմքով ու բովանդակությամբ, որ կողքից նայողին կթվա, որ աշխարհի վերջն է եկել, ու այս իշխանությունները մեզ ծրագրավորված դեպի անխուսափելի կործանում են տանում ու ոչինչ նորմալ անել չեն կարողանում:

 
Ի՞նչ տեղի ունեցավ այսօր:


Հանրապետության օրը Հայաստանն այսօր մեծ շուքով ու հարգանքով նշեց: Ոմանք, ընկալելով այդ օրվա խորհուրդը, ընկղմվեցին դատողությունների ու համեմատականների ծովի մեջ, խորացան մեր անելիքների, արած-չարածների ու սպաասվող մարտահրավերների մեջ, մյուս մասն էլ չզլացավ մյուսների տոնական տրամադրությունը էժան սկանդալներով օծել ու բառիս բուն իմաստով թքել մեր հաղթանակների վրա:
Երևանյան երկնքում այսօր ինքնաթիռներ էին ճախրում ու երկնքում թողնում էին մեր եռագույնի հետքը, որը քաղաքի բոլոր ծայրերից կարելի էր նկատել: Անհաջող պատահականությամբ մի քանի անորակ ֆոտոլրագրողի՝ լույսը սխալ ընկալելու և երկինքը սխալ պրիզմայից նկարելու պատճառով ինքնաթիռներից մեկի թողած ծուխը չափազանց բաց էր ստացվել ու թվում էր, թե այն ոչ թե նարնջագույն ծուխ է արձակում, այլ սպիտակ: Սա կրկնում եմ, ուղիղ արևի վրա ֆոտոխցիկը պահելու արդյունք է, որը, ինչ արած, երբեմն պատահում է անգրագետ ֆոտոլրագրողների պարագայում:
Ոգևորվելով այս կիքսից՝ որոշ ակտիվիստներ սկսեցին շահարկումների անվերջ ու ձանձրալի դարձած շարքը ու առանց երկրի ու պատմության առաջ ամոթ զգալու հայտարարեցին, թե հայկական երկնքում այս պատմական օրով ռուսական դրոշ է երևացել: Շատերը մանիպուլյացիայի զոհ դարձան, ու սկսվեց այն, ինչ այս օրով պարզապես անընդունելի ու ամոթալի է:
Ահա ճիշտ պրիզմայից նկարված նկարի մի օրինակ և ահա սխալ նկարը, որը հիմա տարածվում է համացանցում: Հուսով եմ՝ թեման էլ չեք շահարկի: Անկեղծ, ամոթ է: Չի կարելի:


Հ.Գ. Անկասկած այս ամենում իրենց մեղքի բաժինը նաև մեր լրատվական կայքերը ունեն, որոնք նման պատասխանատու օրերին իրենց թույլ են տալիս նման աններելի կիքսեր անել ու տոններս փչացնել: Կարծում եմ կադրային ռեզերվը վերանայելու ճիշտ ժամանակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել