

Հայ-ռուսական հարաբերություններում թերեւս ճգնաժամ է` լրջագույններից մեկը հետխորհրդային շրջանում:
Այսօր Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարն ասել է, թե Սերժ Սարգսյանը չի մեկնելու Բիշքեկ, որտեղ վաղը նախատեսված է ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովը:
Ընդ որում, Սարգսյանի` Բիշքեկ չմենկնելը բացատրվում է ոչ թե նրա զբաղվածությամբ կամ Մայիսի 28-ի տոնակատարությանը նրա մասնակցությամբ, այլ պարզապես արձանագրվում է, որ Հայաստանի նախագահի օրակարգում նման հանդիպում նախատեսված չէ:
1990-91թթ.-ի նովոօգորովյան գործընթացից հետո, երբ Կրեմլի այն ժամանակվա տերը` ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, վերջին ջիգերն էր գործադրում կայսրությունը քաղաքակիրթ տեսքի բերելու եւ փրկելու ուղղությամբ, իսկ Հայաստանի նորընտիր իշխանությունները` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, բոյկոտում էին այդ գործընթացը, ինչ-որ չեմ հիշում նորագույն պատմության այլ դրվագ, երբ Հայաստանի իշխանությունը նման բացահայտ կերպով դեմարշ աներ Ռուսաատանի իշխանության եւ հատկապես` նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ:
Իսկ որ Սարգսյանի քայլը դեմարշ է` կասկածից վեր է, մանավանդ` վերջին շրջանի զարգացումների համատեքստում:
Կրեմլ իր երկրորդ «արշավանքից» առաջ` Վլադիմիր Պուտինը ձեւակերպեց իր երկրորդ «գալստյան» առաքելությունը` առաջնահերթություն հռչակելով Մաքսային միության ստեղծումը:
Պուտինյան այս նախաձեռնությունն արժանացավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կոշտ հակադարձմանը, թե ԱՄՆ-ն թույլ չի տա ԽՍՀՄ ռեստավրացիան:
Իր պաշտոնը լքող Հիլարին կարող էր իրեն անկաշկանդ եւ ազատ արտահայտվելու հնարավորություն տալ, մանավանդ որ` պետքարտուղարի պաշտոնում նրան փոխարինող անձը միշտ էլ կարող էր սրբագրել իր նախորդի հայտարարությունները:
Այդ անկաշկանդությունը, սակայն, չէին կարող իրենց թույլ տալ այն երկրների ղեկավարները, այդ թվում` Հայաստանի նախագահը, ովքեր գտնվում էին Ռուսաստանի կենսական հետաքրքրությունների եւ շահերի դաշտում: Խոսքը, բնականաբար, նախկին խորհրդային հանրապետությունների մասին է:
Հատկապես բարդ իրավիճակում է հայտնվել Հայաստանը, որ մի կողմից պատրաստվում է Եվրամիության հետ կնքել Ասոցացման, Ազատ Խորը եւ Համապարփակ առեւտրի մասին համաձայնագրերը, մյուս կողմից` կանգնած է Մաքսային միություն մտնելու ռուսական պարտադրանքի առաջ:
Դեռ ամիսներ առաջ` նախագահական ընտրություններից հետո, Սարգսյանը վստահ տոնով հայտարարում էր, որ այս երկու ուղղությունների միջեւ հակասություններ չկան, այլ խոսքով` Հայաստանը կարող է խաղեր տալ թե Բրյուսելի եւ թե Մոսկվայի հետ:
Այս հայտարարությունը տարօրինակ էր թվում հատկապես Եվրամիության եւ պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչների պնդումների համատեքստում, որը բացառում էր Հայաստանի եվրաինտեգրումը, եթե մեր երկրի Մաքսային միությանն անդամագրվելով` էապես սահմանափակվում է Հայաստանի արտաքին առեւտրային քաղաքականությունը:
Նախագահական ընտրություններից առաջ` Սերժ Սարգսյանը բավականին ճկուն քաղաքականություն վարեց` կարողանալով թե արեւմտյան կենտրոններին եւ թե Մոսկվային համոզել, որ ինքը վստահելի գործընկեր է:
Դրանով` Հայաստանի նախագահը չեզոքացրեց իր ընդդիմախոսներին երկիր ներսում` ապահովելով կանխատեսելի ընտրություններ, որոնց նկատմամբ միջազգային խաղացողների լոյալ գնահատականը նույնպես երաշխավորված էր:
Ընտրական ցիկլը Հայաստանում այլեւս ավարտված է, Սարգսյանի մանեւրելու հնարավորությունները` սահմանափակ:
Գազային քաղաքականությունը միշտ ճնշման գործիք է եղել Կրեմլի համար` իր կայսերապաշտական ծրագրերը կյանքի կոչելու համար: Հայաստանն իր «մաշկի» վրա զգաց այդ քաղաքականության հետւանքները, նաեւ այն, որ բացահայտ մեղրամիս է սկսվել ռուս-ադրբեջանական հարաբերություններում, որոնք դեռ շաբաթներ առաջ կանգնած էին լուրջ ճգնաժամի առաջ` պայմանավորված Գաբալայի հարցով եւ նավթային երկկողմ պայմանագրի չեղարկմամբ:
Այսօրվա վիճակի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի իշխանությունը, կարծես թե, չի ուզում նոր զիջումներ անել Մոսկվային: Թերեւս սա է պատճառը, որ Սարգսյանը Պուտինին տեսնելու ցանկություն չունի` ոչ երկկողմ եւ ոչ էլ` բազմակողմ ֆորմատով:
Արդյոք Սերժ Սարգսյանի եվրաինտեգրման քաղաքականությունն արդյունք է նրա արժեքային կողմնորոշման եւ գիտակցված, հաշվարկված արտաքին կուրսի ընտրության հետեւանք է:
Հայաստանի գործող նախագահը բազմիցս ապացուցել է, որ քաղաքական կայուն արժեհամակարգ չունի:
Օրինակ, ինչպե՞ս կարող է արեւմտյան արժեքային համակարգի կրող լինել մի գործիչ, որի ձեւավորած իշխանության ամենակայուն հենարանն օլիգարխիան է:
Նմանապես` եվրաինտեգրումը հետևողական քաղաքականություն չի կարող համարվել քաղաքական առաջնորդի համար, ով տարիներ առաջ հրապարակայնացրել է «մենթալիտետային ընտրության» մասին թեզը:
Վերջին հինգ-վեց տարիներին` Հայաստանի նախագահին առավելապես հետաքրքրել է իր ղեկավարած համակարգի կայունության խնդիրը:
Եվ պետք է խոստովանել, որ այդ խնդիրը Սարգսյանը հաջողությամբ լուծել է, ընդ որում` չբարձրացնելով նույն այդ համակարգի որակը:
Եվրաինտեգրման այսօրվա կուրսը նույնպես, ըստ ամենայնի, ծառայում է համակարգի կայունությունն ապահովելու գերնպատակին:
Այլ հարց է, որ այս խնդրում Սերժ Սարգսյանի դաշնակիցը կարող է դառնալ մեր հասարակության այն հատվածը, որը հավատում է անկախ պետություն ունենալու գաղափարին, այն տեսլականին, որն ընկած է Սեպտեմբերի 21-ի հիմքում:
Կարճ ասած` կամա, թե ակամա, պետության ղեկավարի եւ պետության շահերը հիմա համընկել են (հազվադեպ վիճակ մեր իրականության մեջ) եւ հանգում են նրան, որ երկրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացվի, մեծանա հայկական դիվանագիտության մանեւրի հնարավորությունը:
Ինչքանո՞վ տեւական կլինի Հայաստանի հասարակության մի զգալի հատվածի եւ գործող նախագահի շահերի ընդհանրությունը` ցույց կտա ժամանակը: