
«Փորձառու, բայց անվճռական գեներալ Թ. Նազարբեկյանը կորցրել էր հաղթանակի հույսը եւ պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ, որոնք, սակայն, շարունակում էին առաջխաղացումը։ Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ։
«Փառք եւ պատիվ հայ արյան» վկայում է ականատեսը, որովհետեւ խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ ղարաբաղցի կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանութիւն է։ Ո՛չ ոք իրաւունք ունի այդպէս վարուելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանօթներով այս իսկ րոպէին կը մեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արիւն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»։
Նրան է միանում վիրավոր պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, որը Երեւանից ստացել էր Արամ Մանուկյանի պահանջը՝ դիմանալ գոնե երեք օր, քանզի Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքական բանակը Դիլիջան-Սեւան-Ախտա գծով կարող էր շրջանցել Երեւանը։ Ապստամբած եւ ի վերջո՝ Թ. Նազարբեկյանի համառությունը կոտրած զորքը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանի թնդանոթաձիգների ու Նժդեհի հեծյալ հարյուրյակի առաջնորդությամբ մայիսի 24-ին վերադարձավ Ղարաքիլիսա։
Սկսվեց Ղարաքիլիսայի 4-օրյա, մայիսի 25-28-ի հերոսամարտը՝ 1918 թվականին Արեւելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք ճակատամարտերից ամենախոշորն ու միաժամանակ՝ ամենահերոսականը։ Ավետիս Ահարոնյանի կողմից «20-րդ դարի Ավարայր» անունը ստացած այս ճակատամարտի առաջին երկու օրերին հայկական զորքերը, որոնք վերադարձող զինվորներից ու սպաներից փաստորեն նոր գումարտակներ ու գնդեր էին ստեղծել, այնպիսի շեշտակի հարվածներ հասցրին Վեհիբ փաշայի՝ կրկնակի անգամ գերազանցող բանակին, որ նա ստիպված էր նոր համալրումներ պահանջել Կարսից։
Մայիսի 26-ի դաժան ճակատամարտում չդիմանալով հայկական ուժերի միահամուռ գրոհին՝ թշնամին խուճապահար նահանջեց, բայց նրա փախուստի ճանապարհն անգամ ապահով չէր, քանզի ինչպես հետագայում վկայում էր Վեհիբ փաշան, Հաջիղարա (Լեռնապատ) գյուղի մոտ «կանայք եւ գյուղացիները կացիններով զինված՝ կոտորում էին հետ քաշվող զինվորներին»։