
|
Քաղաքական մեկնաբան |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդիրն ունի կարգավորման երկու տարբերակ՝ ռազմական կամ խաղաղ. «Մենք երկու տարբերակին էլ պատրաստ ենք և երբեք չենք բացառում խնդրի կարգավորման ռազմական ճանապարհը»:
Այն, որ Ադրբեջանում հոկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը կտրուկ կոշտանալու էր, սպասելի էր: Սակայն մյուս կողմից տարօրինակ իրավիճակ է ստեղծվում, քանզի ընդամենը օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն, տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ, ընդգծում էր իր երկրի նվիրվածությունը խնդրի խաղաղ կարգավորմանը:
Վերջին ժամանակներս Ադրբեջանը ԱԳ նախարարի մակարդակով առիթ է ունեցել հայտարարելու, թե պատրաստ է Խաղաղության մեծ համաձայնագրի մշակման աշխատանքների մեկնարկին՝ «մոռացության տալով» բանակցությունների առաջին փուլի՝ հիմնարար սկզբունքների համաձայնեցման բանակցություններում դրսևորած իր մոտեցումը: Դեռ 2011 թվականին, Կազանում կայացած հանդիպման ժամանակ թվում էր, թե կողմերը մոտ են Հիմնարար սկզբունքների փաստաթղթի հարցում համաձայնությանը, երբ Ադրբեջանը բոլորի համար անսպասելի հանդես եկավ 10 նոր առաջարկներով՝ տապալելով հանդիպումը:
Չնայած այն հանգամանքին, որ և՛ համանախագահ երկրների ղեկավարները, և՛ միջազգային շահագրգիռ կառույցներն իրենց հայտարարություններում մշտապես շեշտում են ԼՂ հինախնդրի կարգավորման խաղաղ ճանապարհը և կոչ անում կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից կամ հռետորաբանությունից, ինչը կարող է սրել տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակը, Ադրբեջանի նախագահը բավականին կտրուկ հայտարարություն է անում՝ շեշտելով, որ իրենք «երբեք չենք բացառում խնդրի կարգավորման ռազմական ճանապարհը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: