LADYNEWS.am-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով…INTELSEXUAL շարքը, որը LADYNEWS.am-ն իրականացնում է հանտապետության լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ, սիրելի լեդիներ, իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ, LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բճշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեւադա Հակոբյանից:

Սեռական աններդաշնակություն ասվածը դարձել է այն «ունիվերսալ արդարացումը», որը կիրառվում է զույգերի ունեցած սեքսուալ խնդիրները բնորոշելու նպատակով:

«Սեռական աններդաշնակությունն առաջանում է ամուսնական զույգերի մոտ՝ իրական խոչընդոտ դառնալով նրանց հետագա սեռական կյանքին: Դա մեծ խնդիր է եւ պայմանավորված է մի շարք գործոններով. ամենատարածվածներից մեկը կոնստիտուցիոնալ գենետիկ տիպի սեքսուալ աններդաշնակությունն է, այն պայմանավորված է տղամարդու կամ կնոջ սեռական կոնստիտուցիայի տիպերի տարբերությամբ, այն է՝ ամուսինը ունի ուժեղ տիպի սեռական կոնստիտուցիա, կինը՝ թույլ: Սա վերաբերում է նաեւ սեքսուալ պահանջմունքներին, երբ տարբերվում են տղամարդու եւ կնոջ սեռական պահանջմունքները՝ առաջացնելով սեռական աններդաշնակություն: Սեռական աններդաշնակություն կարող է առաջանալ նաեւ գուրգուրանքների թույլատրելիության շրջանակների տարբերությամբ, այսինքն՝ ամուսնու համար հաճելի է գուրգուրանքների մի շրջանակ, կնոջ համար մի այլ՝ ավելի սահմանափակ շրջանակ»,-պարզաբանեց սեքսապաթոլոգը:

Մասնագետի խոսքով՝ սեռական աններդաշնակության առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաեւ ամուսինների բնավորությունների տարբերությունները. «Սա կարող է վերաբերել սոցիոգեն եւ փսիխոգեն գործոնների միջոցով առաջացած սեքսուալ խանգարումների ոլորտին, երբ կտրականապես տարբերվում են զույգերի մտածողությունները, աշխարհայացքը եւ մոտեցումները այս կամ այն խնդրին»:

Սեւադա Հակոբյանի ներկայացմամբ՝ կանացի գործոններից սեռական աններդաշնակությանը մեծապես նպաստում է եւ պատճառ հանդիսանում կուսական ամուսնությունը. «Երբ կինը երկար ժամանակ մնում է կույս, սեռական կյանքը չի ստացվում: Կնոջ մոտ առաջանում է կոիտոֆոբիա՝ վախ սեռական հարաբերությունից, ինչպես նաև վագինիզմ՝ հեշտոցամկանների կծկումը, որն անհնար է դարձնում սեռական կյանքը: Այս պարագայում ամուսնու մոտ երկրորդային ճանապարհով հնարավոր է՝ առաջանան սեքսուալ խանգարումներ՝ պայմանավորված դեզինֆորմացիայով. տղամարդը, չիմանալով, որ նման խնդիրներ կան, սկսում է իրեն վերագրել այդ ոչ բավարար «տղամարդկայնությունը», եւ արդեն տղամարդու մոտ է առաջանում սեքսուալ դիսֆունկցիա»:

Մասնագետի խոսքով՝ իրենց շատ են դիմում նաեւ տղամարդիկ, ովքեր ունենում են էրեկցիայի խանգարումներ, վաղաժամ սերմնաժայթքումներ. «Սա եւս նպաստում է սեռական աններդաշնակության, երբ տղամարդը չի կարողանում «ղեկավարել» սերմնաժայթքումը, մինչեւ կնոջը հոգեսեքսուալ բավարարում պատճառելը»:

Սեւադա Հակոբյանը անդրադարձավ նաեւ ինտիմ հիգիենայի ճիշտ պահպանմանը՝ նշելով, որ սա եւս կարող է խնդրի առաջացման պատճառ հանդիսանալ. «Նման դեպքերում առաջանում է սեքսուալ ավերսիա, այսինքն՝ կինն սկսում է խուսափել սեռական հարաբերություններից, իսկ պատճառն էլ այնքան պարզ է՝ ամուսնու մոտ ինտիմ հիգինեայի որեւէ մասնիկի ոչ ճիշտ պահպանումը»:

Սեքսապաթոլոգի հավաստիացմամբ՝ եթե զույգերը համարձակություն ունենան դիմելու մասնագետի, ապա այս բոլոր խնդիրներն էլ կարելի է բուժել, որից հետո իդեալականապես վերականգնվում է զույգի ներդաշնակությունը: Ամփոփելով թեման՝ Սեւադա Հակոբյանը նշեց՝ զույգերը պետք է իմանան՝ ցանկացած խնդիր իր լուծումն ունի: Ի վերջո, խորհուրդ տվեց ամուսնանալ սիրելով՝ անպայման ստեղծելով մարդկային ճիշտ փոխհարաբերություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել